30.09.2020 09:19

ԶԼՄ․ Լոկալ հակամարտությունը սրընթացորեն աշխարհաքաղաքական բնույթ է ձեռք բերում

ԶԼՄ․ Լոկալ հակամարտությունը սրընթացորեն աշխարհաքաղաքական բնույթ է ձեռք բերում

Համաշխարհային մամուլն այն կարծիքի է, որ Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է վերածվել պատերազմի՝ ուրիշ խոշոր տերությունների, նախևառաջ՝ Թուրքիայի մասնակցությամբ։

Ղարաբաղյան հակամարտության տասնամյակների ընթացքում Ռուսաստանը, որը զենք է մատակարարում երկու կողմերին էլ և կանգնած է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ղեկին, միջամտել է հակամարտության սրացման պահերին, բայց հիմա Ռուսաստանն այլ խնդիրներով է զբաղված՝ կորոնավիրուսի համավարակը և իրադարձությունները հարևան Բելառուսում, գրում է New York Times-ը։

Բրիտանական Independent-ը նշում է, որ լոկալ հակամարտությունը սրընթաց կերպով աշխարհաքաղաքական բնույթ է ստանում։ Նոր կարևոր գործոն է Թուրքիայի դերակատարումը, որը ջանում է ավելի թեժացնել հակամարտությունը։ Գաղտնիք չէ, որ տարածաշրջանի գերտերությունը վաղուց ի վեր աջակցում է Ադրբեջանին։ Վերջին ամիսներին Անկարան Բաքվին մատակարարել է անօդաչու թռչող սարքեր և հանդերձանք, տեղեկություններ կան Թուրքիայից հարյուրավոր վարձականների մասնակցության մասին մարտերին։

Time թերթը զրուցել է Իդլիբից «Սիրիական ազգային բանակի» մարտիկ Մոհամեդ Մահմուդ ալ-Սուրանիի հետ, և վերջինս հաղորդել է, որ գայթակղվելով խոշոր աշխատավարձի խոստումներից՝ Ղարաբաղում կռվի մեկնելու որոշում է ընդունել իր ընկերներից  առնվազն 200 հոգի։

Փոխանցում է BBC-ն։