01.10.2020 00:37

Պուտինը և Մակրոնը կոչ են արել դադարեցնել կրակը Արցախում

Պուտինը և Մակրոնը կոչ են արել դադարեցնել կրակը Արցախում

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ու Բելառուսում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ Ինչպես Կրեմլում նշել են, երկու պետությունների ղեկավարները «հանգամանորեն դատապարտել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրացումը, ինչպես նաև մտահոգություն են հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ»։

Պուտինը և Մակրոնը հակամարտության կողմերին կոչ են արել անհապաղ և իսպառ դադարեցնել կրակը և թուլացնել լարվածությունը։

«Նշվել է, որ ղարաբաղյան ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական կարգավորումն այլընտրանք չունի։ Այդ կոնտեքստում քննարկվել են հետագա համագործակցության պարամետրերը, նախևառաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Փոխանցում է ria.ru-ն։