01.10.2020 09:19

BBC-ն Ղարաբաղում սիրիացի վարձկանի հետ է զրուցել․ «Ես չգիտեի, որ պիտի կռվեմ»

BBC-ն Ղարաբաղում սիրիացի վարձկանի հետ է զրուցել․ «Ես չգիտեի, որ պիտի կռվեմ»

Ղարաբաղում պատերազմն սկսվելուց քիչ առաջ Ադրբեջան են փոխադրվել մի քանի հարյուր վարձկաններ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքներից՝ Իդլիբից, Աֆրինից և այլ հյուսիսային շրջաններից։ Եվ նրանք արդեն ռազմական կորուստներ են կրել։

Սիրիացի Աբդուլան (անունը փոխված է՝ նրա խնդրանքով) BBC-ին պատմել է, որ 17-ից 30 տարեկան մի քանի հարյուր տղամարդ՝ Թուրքիայի և Սիրիայի հյուսիսում հակաասադական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակիչներ, հավաքագրվել են «թուրք զինվորականների և Սիրիական ազգային բանակի կողմից»։ Անցյալ չորեքշաբթի՝ մարտերի սկսվելուց չորս օր առաջ, նրանք ինքնաթիռներով փոխադրվել են Ադրբեջան և տեղակայվել հայերի դեմ դիմակայման գծի մերձակայքում։

«Անցյալ շաբաթ Սաիֆ աբու Բաքրը՝ Սիրիական ազգային բանակի Համզայի դիվիզիայի հրամանատարը, մեզ առաջարկեց մեկնել Ադրբեջան՝ պահպանելու սահմանի ռազմական հենակետերը ամսական 2000 դոլար աշխատավարձով,- պատմել է Աբդուլան BBC-ի հետ «մեսենջերով» գրագրության ժամանակ։- Ես չգիտեի, որ մենք պիտի կռվենք»։

Աբդուլայի խոսքով՝ արդեն սեպտեմբերի 27-ին իրեն ու իր ընկերներին տարել են առաջնագիծ, որտեղ իրենք ընկել են կրակի տակ ու կորուստներ են կրել․ չորս սիրացիներ զոհվել են։ Այն հենակետում, որտեղ նրանք տեղակայված են եղել, Աբդուլան տասնյակ հայրենակիցների դիակներ է տեսել, մոտավորապես յոթանասուն հոգի էլ վիրավոր է եղել։

Ընդ որում՝ BBC-ի զրուցակիցը հավաստիացրել է, որ Ադրբեջան փոխադրված սիրիացիների մեծ մասը  Ասադի դեմ մարտերում կոփված մարտիկներ չեն, այլ խաղաղ, չվարժված քաղաքացիներ, և նրանք արդեն իսկ առաջին կորուստներից հետո խնդրել են իրենց ետ տանել, բայց նրանց թույլ չեն տալիս ու սպառնում են բանտ նետել։

BBC-ի թուրքական ծառայության աղբյուրը  պատմել է, որ Ղարաբաղ մեկնելու համար կամավորագրվել է մոտավորապես 1000 հոգի, այդ թվում՝ «Սուլթան Մուրադի բրիգադի» և «Համզայի բրիգադի» մարտիկներ։ Նրանցից 250 հոգի  թուրքական Գազիանթեփ խոշոր քաղաքից Ադրբեջան են տեղափոխվել ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով։

Սիրիական ազգային բանակը, Թուրքիան և Ադրբեջանը պաշտոնապես հերքում են սիրիացի վարձկաններին Ղարաբաղ փոխադրելու վերաբերյալ մեղադրանքները և դրանք անվանում «հայկական քարոզչություն»։

Փոխանցում է BBC-ն։