01.10.2020 12:50

Արևմուտքը Էրդողանին խորհուրդ է տալիս հեռու մնալ Ղարաբաղից

Արևմուտքը Էրդողանին խորհուրդ է տալիս հեռու մնալ Ղարաբաղից

Իրավիճակի սրացումը Լեռնային Ղարաբաղում  քննադատության ալիք է բարձրացրել Վաշինգտոնում թուրքական ղեկավարության դեմ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։

Դեմոկրատական կուսակցության անդամները Անկարային ոչ միայն նախազգուշացրել են հեռու մնալ հակամարտության գոտուց, այլև Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ են արել միջոցներ ձեռք առնել՝ սանձելու ՆԱՏՕ-ի իր դաշնակցին։

Կոշտ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

Իրավիճակը ռիսկային է դառնում Անկարայի հեղինակության համար, որն առանց այդ էլ երերուն էր դարձել  վերջերս Արևելյան Միջերկրական ծովում Աթենքի հետ վեճի ֆոնին։

Ղարաբաղյան հակամարտությունում թուրքական դերակատարման վերաբերյալ բացասական գնահատական է տվել ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը։ «Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ տուժածների թվի սրընթաց աճը ՝ Թրամփի վարչակազմը պետք է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին կոչ անի անհապաղ դադարեցնել այդ լարվածությունը։ Նա նաև պետք է պահանջի, որ այլ ուժեր, ինչպես, օրինակ՝ Թուրքիան, չմիջամտեն այդ հակամարտությանը»։ Իր «թվիթին» Բայդենը կցել է Reuters-ի մի նյութի հղումը, որը տեղեկացնում է Էրդողանի՝ հայկական ղեկավարությանն ուղղված կոչի մասին՝ հեռանալ ադրբեջանական օկուպացված տարածքներից»։

Բայդենի տեսակետին են նաև դեմոկրատական ճամբարի այլ ներկայացուցիչներ։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը թուրքական ղեկավարությանը մեղադրել է, որ նա խոչընդոտում է հակամարտության խաղաղ կարգավորումը։ «ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, չպետք է աչք փակի Թուրքիայի կողմից խաղաղ գործընթացի խափանման, ինչպես նաև հակամարտության թեժացման վրա, որն առանց այդ էլ կտրուկ էսկալացիայի միտում է ցույց տալիս»։ Օրենսդրի հայտարարության մեջ ասվում է, որ «արտաքին դերակատարների ազդեցությունը, ինչպիսին, օրինակ, հակամարտությանը անխոհեմաբար միջամտող Թուրքիան է, միայն տագնապ է հարուցում»։

Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը ընդհանուր գնահատական է տվել թուրք-ամերիկյան հարաբերություններին և նշել, որ հենց գործը հասնում է «Թուրքիային պատասխանատվության կանչելուն», Թրամփի վարչակազմը սկսում է խուսանավել։ Սենատորը նաև մտահոգություն է հայտնել այն առիթով, որ ԱՄՆ առաջնորդը հպարտանում է «իր մտերիմ հարաբերություններով» Էրդողանի հետ։ «Դա ավելի վատ է, ըստ էության՝ ԱՄՆ-ը դրանից ոչ մի օգուտ չունի»,- նշել է Մենենդեսը։

Ըստ ng.ru-ի