01.10.2020 20:35

Թուրքիան առաջին անգամ խոսել է Ղարաբաղում կրակի դադարեցման մասին

Թուրքիան առաջին անգամ խոսել է Ղարաբաղում կրակի դադարեցման մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում արտահայտվել են Ղարաբաղում մարտերը դադարեցնելու մասին։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Մանրակրկիտ քննարկվել է լարվածության էսկալացիան Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ և արտահայտվել են ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու օգտին։ Ընդգծվել է այլ շրջաններից անօրինական զինված կազմավորումների գրոհայիններին հակամարտության մեջ ընդգրկելու անթույլատրելիությունը։  Շեշտվել է առավելագույնս կշռադատված քայլերի պահանջը՝ Բաքվին և Երևանին քաղաքական-դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու առումով»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում նախարարները նաև պատրաստակամություն են հայտնել ռուսաստանյան և թուրքական գործողությունների համակարգման հարցում՝ ստեղծված իրավիճակը կայունացնելու և արագ կերպով հակամարտության կարգավորումը «խաղաղ բանակցային հուն» վերադարձնելու համար։

Ռուսաստանը ուշադրություն է հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին, ներառյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝  2020 թ․հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությունը։