02.10.2020 12:25

Լեռնային Արցախի ռուսաստանցի ֆուտբոլիստ. Վստահ ենք՝ հաղթանակը մերն է լինելու․

Լեռնային Արցախի ռուսաստանցի ֆուտբոլիստ. Վստահ ենք՝ հաղթանակը մերն է լինելու․

«Լեռնային Արցախի» կիսապաշտպան Էդուարդ Սարգսյանը, որը «Կուբանի» սան է ու հանդես է եկել «Արմավիրում», հարցազրույց է տվել ռուսական Sport24 կայքին՝ պատմելով Արցախի սահմանին տիրող իրավիճակի մասին։

-Ինչպե՞ս հայտնվեցիր «Լեռնային Արցախում»։ 

-Գործակալն ասաց, որ Ստեփանակերտ գնալու տարբերակ կա։ Ես ուրախությամբ, առանց մտածելու, համաձայնեցի։ Որովհետև դա իմ հայրենիքն է։ Գումարած դրան՝ հայրս ժամանակին «Լեռնային Արցախի» դարպասապահն է եղել։ Ինձ համար պատիվ էր այդ ակումբում հայտնվելը։ Ու ահա ես Կրասնոդարից մեկնեցի Մոսկվա, որտեղից էլ՝ Երևան, իսկ հետո տաքսիով հասա Արցախ։ Այո, ես Ռուսաստանի քաղաքացիություն ունեմ, բայց ոչ մի խնդիր չեղավ։ Ակումբն օգնեց փաստաթղթային հարցերով, որպեսզի կարողանամ Ռուսաստանից Հայաստան մեկնել։

-Որտե՞ղ էիր, երբ ամեն ինչ սկսվեց։

-Տանը Ստեփանակերտում, որտեղ հորաքրոջս հետ էի ապրում։ Այդ օրը ժամը 9:30-ին պիտի մեկնեինք Երևան՝ խաղի։ 7:30 պայթյունների ձայնից արթնացա․․․Սկզբում չէի հասկանում՝ ինչ է կատարվում։

Վազեցի սենյակ, ասում են․ «Պատերազմ է սկսվել, մեզ ռմբակոծում են։ Արագ հագնվիր, վազում ենք նկուղ»։ Սարսափելի էր, իհարկե․․․Բայց քաղաքում ընդհանրապես խուճապ չկա։ Ամեն ինչ հիանալի է, բոլորը հասկանում են։

-Ընդհանուր առմամբ ի՞նչ իրավիճակ է Ստեփանակերտում։

-Անօդաչու թռչող սարքեր են թռչում, պայթյունի ձայներ լսվում, մարդիկ նկուղներում են մնում․․․Սկզբնական շրջանում ինտերնետի վիճակն էր վատ։ Չէի կարողանում զանգել կամ ձայնային հաղորդագրություն ուղարկել, միայն՝ տեքստային հաղորդագրություններ։ Այն էլ դժվարությամբ։ Բայց հիմա կապը քիչ թե շատ բարելավվել է։ Մեզ մոտ մի քանի խանութ է աշխատում։ Ընդհանուր առմամբ, ողջ ազգի ոգին անսասան է․ մենք հավատով նայում ենք ապագային։

-Օրվա մեջ քանի՞ անգամ է լսվում ազդանշանի ձայնը։

-Այն միանում է, երբ երկնքում ԱԹՍ-ներ կամ թշնամու ինքնաթիռներ են հայտնվում։ Օրվա մեջ այն կարող է 20 անգամ էլ միանալ։ Մենք գրեթե ոչինչ չենք կարդում ու չենք նայում այն մասին, թե ինչ են ասում հեռուստատեսությամբ։ Այս ամբողջ իրավիճակում միայն մի բան չեմ կարողանում հասկանալ․․

 -Ի՞նչը։

-Ինչպես կարող է նման բան լինել․ թշնամիներով շրջապատված մի փոքրիկ հանրապետության դեմ երկու երկիր է պատերազմում․․․Դեռ մի բան էլ Սիրիայից վարձու վահաբիթներ, ահաբեկիչներ են եկել։ Համաշխարհային հասարակությունն ընդհանրապես ինչո՞ւ է այս ամենը թույլ տվել։ Պատմում էին, որ երբ սպանում էին այդ վահաբիթներին, նրանց մոտ տարբեր տեսակի թմրամիջոցներ են գտել։ Ասում են, երբ նրանց կողքին իրենց տանկը պայթում էր, քայլում էին այնպես, ինչպես քայլել են։ 100%-ով նրանք ինչ-որ բանի ազդեցության տակ են եղել․․․Նույնիս չեն փորձել փրկել իրենցը։

-Ի՞նչ են ասում տեղաբնիկներն ու քանի՞ անգամ եք իջնում նկուղ։

-Մեզ մոտ խուճապ չկա․ հավատում ենք մեր ժողովրդին, մեր քաջարի զինվորներին։ Վստահ ենք, որ հաղթանակը մերն է լինելու։

Այո, պայթյունների ժամանակ մարդիկ իջնում են նկուղ։ Մեր 5-հարկանի շենքը դատարկ էր․ միայն նկուղում 4 ընտանիք էր․․․Մյուսները երեխաներին ու կանանց ուղարկել էին Երևան, հայկական այլ քաղաքներ․ նորմալ է։ Որոշ գյուղերում մարդիկ վախենում են նկուղներից դուրս գան։ 

-Տեղի բնակիչներն ինչի՞ կարիք ունեն։;

-Օգնության կարիք չկա, որովհետև մենք հոգեպես պինդ ու ուժեղ ժողովուրդ ենք։ Եվ մենք կհաղթենք։ Բայց այս իրավիճակում շատ բան կա, որ ես երբեք չեմ հասկանա․․․

-Պետական ալիքների փորձագետների՞ն։

-Այո։ Մարկդանց, որոնք պատերազմական գործողություններից 2000կմ հեռու հարմարավետ նստած քննարկում են՝ ով է ճիշտ, ով սխալ։ Դա ճնշում է։ Որոշ մարդիկ նույնիսկ ասում են․ «Թող շարունակեն նրանց վրա կրակել։ Սա մեր պատերազմը չէ»։ Ինչո՞ւ ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում, որպեսզի խաղաղություն հաստատի։ Շատերը չեն պատկերացնում, թե դա ինչ է․․․Որքան երեխաներ ու կանայք են վատ վիճակում հայտնվել, իսկ բոլորը միայն խոսում են, բայց ոչինչ չեն անում։

-Ամենասարսափելին ի՞նչն է այս իրավիճակում։

-Որ կռվում երիտասարդ տղաներ են մահանում։ 19-20 տարեկան։ Առաջնագծում շատ մտերիմներ կան․ վախենում ես նրանց համար։ Ավելի թեթև ես քեզ զգում միայն, երբ լսում ես նրանց ձայնը։ Այստեղի կանայք ու երեխաներն ամենաիսկական հերոսներն են։ Նրանք շատ ուժեղ են, ոչ ոք չի վախենում, օգնում են մեծերին։

Վստահաբար, հիմա ֆուտբոլի ժամանակը չէ։ Ինձ երկար ժամանակ չէին կարողանում թիմի հայտացուցակում ընդգրկել։ Հիմա, երևում է, որոշ ժամանակով պիտի մոռանանք ֆուտբոլի մասին։ Ուզում եմ ժպտացող երեխաների տեսնել, վազել գնդակով, ֆուտբոլ խաղալ, ոչ թե արթնանալ ազդանշանի ձայնից ու ռմբակոծության ձայներ լսել։