02.10.2020 13:15

Իսպանական մամուլը պնդում է՝ Հարոյանը պատերազմի է գնացել

Իսպանական մամուլը պնդում է՝ Հարոյանը պատերազմի է գնացել

Օրեր առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը ժամանելու է Հայաստան՝ Արցախի սահմանին ընթացող մարտերին մասնակցելու համար, որից հետո Հարոյանը հերքեց այդ լուրերը: Իսպանական պարբերականները, սակայն, պնդում են, որ Հարոյանը մեկնել է առաջնագիծ:

«Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը մի կողմ է դրել ֆուտբոլը՝ պատերազմի գնալու համար: 

Հայաստանն ու Ադրբեջանն այս պահին թեժ պատերազմի մեջ են, ԵՄ-ն ու Մոսկվան էլ պահանջում են դադարեցնել ռազմական գործողությունները: Հայաստանն էլ իր պաշտպանության բանակն ամրապնդելու նպատակով զորահավաք է կազմակերպել մինչև 40 տարեկան տղամարդկանց շրջանում:

Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը 3 մրցաշրջան ռուսական «Ուրալում» անցկացնելուց հետո շատ մոտ էր հունական «Լարիսա» տեղափոխվելուն. 28-ամյա ֆուտբոլիստին մնում էր միայն ստորագրել հունական ակումբի հետ պայմանագիրը, սակայն «Լարիսան» Հարոյանի գործակալի կողմից նամակ է ստանում, որտեղ բացատրվում է իրավիճակն ու ֆուտբոլիստի՝ հայրենիքը պաշտպանելու որոշումը», – գրված է Marca պարբերականում:

Օրեր առաջ նմանատիպ բովանդակությամբ նյութ տարածել էր նաև իսպանական մեկ այլ հեղինակավոր պարբերական AS-ը: