03.10.2020 14:09

Վրաստանի նախագահը պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բանակցությունները

Վրաստանի նախագահը պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բանակցությունները

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ հայտարարելով, որ պատրաստ է Թբիլիսիում հարթակ տրամադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ցանկացած ձևաչափով բանակցությունների համար։

«Ես ուզում եմ դիմել երկու երկրների նախագահներին և իշխանություններին, որպեսզի հնարավորիս արագ նրանց միջև երկխոսություն վերսկսվի, և իրավիճակը լիցքաթափելու ու կրակը դադարեցնելու կոչ եմ անում նրանց ։ ․․․Մենք պատրաստ ենք այս երկիրը, Թբիլիսին դարձնել այն վայրը, որտեղ հնարավոր կլինի անցկացնել ցանկացած բանակցություն։ Մենք ամեն ինչի պատրաստ ենք, ինչ կցանկանան կողմերը»,- շաբաթ օրը Ազգային  անվտանգության խորհրդի՝ ղարաբաղյան հակամարտությանը նվիրված նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահը նաև ԵՄ-ին է դիմել՝ խնդրելով միջամտել դեպքերին և նպաստել կրակի դադարեցմանը, քանի որ Կովկասի բոլոր երեք երկրներն էլ «Արևելյան գործընկերության» մասնակիցներ են։ «Մեր կայունությունը, խաղաղությունն այս տարածաշրջանում շահավետ են Եվրամիության համար։ Նա պետք է ջանքեր գործադրի՝ հանուն խաղաղության և իրավիճակի լարվածության թուլացման»,- հավելել է Զուրաբիշվիլին։

Փոխանցում է tass.ru-ն։