07.10.2020 11:30

Հենրիխ Մխիթարյանը դիմել է Վլադիմիր Պուտինին, Դոնալդ Թրամփին և Էմանուել Մակրոնին

Հենրիխ Մխիթարյանը դիմել է Վլադիմիր Պուտինին, Դոնալդ Թրամփին և Էմանուել Մակրոնին

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել է Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ:

«Ես պրոֆեսիոնալ մարզիկ եմ, որը միջազգային մակարդակով հպարտորեն ներկայացնում է իր երկիրը՝ Հայաստանը, և այսօր ձեզ գրում եմ շատ ծանր սրտով: Քանի որ աշխարհը ականատես է աննախադեպ և ողբերգական պատերազմի Լեռնային Ղարաբաղում, թույլ տվեք բարձրաձայնել իմ խորը մտահոգության մասին, որ իմ հայրենիքը վտանգված է:

Ընթանում է ծանր մարտերի երկրորդ շաբաթը, և իմ հայրենի Հայաստանը և Արցախը պաշտպանվում են ագրեսորներից`պաշտպանելով մեր ազգի ապրելու, մեր պատմական հողերում գոյություն ունենալու և աշխարհին հայտնի քրիստոնեական ժառանգությունն ու արժեքները պահպանելու առաջնահերթ իրավունքը:

Վերջին օրերին ռազմական գործողությունների ակտիվացման հետ մեկտեղ իսկապես ցավալի է տեսնել, թե ինչպես է ադրբեջանական զինուժը ուղղակիորեն թիրախավորում մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող դպրոցներ և մանկապարտեզներ, բնակելի շենքեր, հիվանդանոցներ և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ և խիտ բնակեցված այլ բնակավայրեր:

Կլաստերային մարտական հրթիռները բազմիցս օգտագործվում են խաղաղ բնակչության վրա հարձակման համար, որի արդյունքում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, որոնցից շատերը կմնան կոտրված կյանքերով և կոտրված ճակատագրերով: Սա այլ կերպ չի կարելի անվանել, քան ռազմական հանցագործություն: Ձեր բարձր ուշադրությանն եմ ներկայացնում, որ Արցախում ներկայիս իրավիճակը մարդասիրական աղետի եզրին է:

Ավելին, այդ ողբերգական իրադարձությունները տեղի են ունենում արտաքին տարածաշրջանային ուժերի և օտարերկրյա զինյալների անմիջական միջամտությամբ Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության հարևանության տարածքում, ինչը անվտանգության ուղղակի սպառնալիք է նաև ձեր երկրների համար: Հայաստանն ու Արցախը միայնակ են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:

Որպես Հայաստանի Հանրապետության պատմական դաշնակիցներ և առաջին հերթին`ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, ձեր միջամտությունը` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել այս կործանարար պատերազմը, ունի կարևոր նշանակություն:

Մեր երիտասարդությունը զոհվում է առաջնագծում և անդառնալիորեն վիրավորվում ՝ մեր ազգի շարունակականությանը մասնակից դառնալու փոխարեն: Իմ սրտի խորքից ես կոչ եմ անում ձեզ օգտագործել ձեր ողջ ուժը այս ողբերգությունը կասեցնելու գործում և կողմերին վերադարձնել խաղաղ բանակցությունների:

Հարգանքներով,

Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի ավագ

«Ռոմայի» ֆուտբոլիստ

UNICEF-ի բարի կամքի դեսպան»,- գրել է Մխիթարյանը: