07.10.2020 13:40

Պուտին. Մենք Հայաստանի առջև որոշակի պարտավորություններ ունենք, եւ միշտ կատարել, կատարում և կկատարենք դրանք

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն անվանել է ողբերգություն, որի համար ՌԴ-ում շատ են ցավում։ Այդ մասին նա հայտարարել է հարցազրույցում, որից չորեքշաբթի օրը մի դրվագ է ներկայացրել «Россия-24» հեռուստաալիքը։

«Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ ապրող մարդիկ մեզ օտար չեն։ Բավական է ասել, որ մեզ մոտ Ռուսաստանում ապրում են մոտավորապես 2 միլիոն ադրբեջանցիներ և, մեր հաշվարկներով՝ 2 միլիոն հայեր։ Ռուսաստանի ահռելի մեծ թվով քաղաքացիներ սերտ բարեկամական և նույնիսկ հարազատական կապեր են պահպանում երկու հանրապետությունների հետ։ Իհարկե, սա մեծ ողբերգություն է։ Մարդիկ զոհվում են, երկու կողմից էլ մեծ կորուստներ կան»,- նշել է Պուտինը։

Ռուսաստանը հույս ունի, որ հակամարտությունը կդադարեցվի, բայց եթե մոտ ժամանակներս այն վերջնականապես չլուծվի, ցանկացած դեպքում՝ կողմերը պետք է հնարավորինս արագ դադարեցնեն կրակը, ասել է Պուտինը։

«Հուսով ենք, որ հակամարտությունը ամենամոտ ժամանակներս կդադարեցվի։ Բայց եթե այն վերջնականապես չլուծվի,- դատելով ըստ ամենայնի՝ դա դեռ շուտ չի լինի,- ամեն դեպքում՝ մենք կոչ ենք անում, և ես ուզում եմ մեկ անգամ ևս դա կրկնել, կոչ ենք անում դադարեցնել կրակը, և դա պետք է անել հնարավորինս արագ»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը։

Ըստ Պուտինի՝ Հայաստանի իշխանությունը  դաշնակցային պարտականությունները կատարելու վերաբերյալ խնդիր չունի Ռուսաստանի հետ։ «Ինչպես հայտնի է, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մենք Հայաստանի առջև որոշակի պարտավորություններ ունենք այդ պայմանագրի շրջանակներում,- հիշեցրել է Պուտինը։- Բայց ռազմական գործողությունները, ի մեծ ցավ, մինչև հիմա շարունակվում են։ Դրանք Հայաստանի տարածքում չեն ընթանում»,- ընդգծել է Պուտինը։

«Ինչ վերաբերում է այդ պայմանագրի շրջանակներում Ռուսաստանի կողմից իր պարտավորությունների կատարմանը, ապա մենք միշտ էլ կատարել ենք, կատարում ենք և կկատարենք դրանք։ Ինչպես գիտեք, ես մշտապես աշխատանքային կապի մեջ եմ Հայաստանի վարչապետի հետ, և Հայաստանի իշխանության մոտ ոչ մի հարց չի ծագել ռուսաստանյան դաշնակցային պարտավորությունների կատարման վերաբերյալ»։

Փոխանցում է tass.ru-ն։