09.10.2020 08:33

Ատամբաևը չի կառչում իշխանությունից

Ատամբաևը չի կառչում իշխանությունից

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը խորհրդարանական ընտրություններից հետո երկրում տեղի ունեցողը համարում է «երրորդ հեղափոխություն»։

«Հեղափոխության ժամանակ, ցավոք՝ արդեն երրորդ, զոհվել է 19-ամյա պատանի։ Զոհվել է նրանց համար, ովքեր ասում են, թե հյուսիսցիներն են արտաքսել հարավցուն։ Դա ասում են նրանք, ովքեր ուզում են նորից պառակտել մեզ»,- հայտարարել է Ատամբաևը իր կողմնակիցների հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ։

Նախկին նախագահն ընդգծել է, որ մտադիր չէ իշխանության վերադառնալ և չի ուզում որևէ պաշտոն զբաղեցնել։

«Եթե ինձ իշխանություն պետք լիներ, ես կմնայի երկրորդ ժամկետով։ Շատերը ինձ համոզում էին մնալ նախագահի պաշտոնում, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի և նույնիսկ Եվրոպայի երկրների շատ առաջնորդներ։ Ես հատուկ իշխանության խաղաղ փոխանցման նախադեպ ստեղծեցի և քարոզեցի ուրիշ մարդու համար։ Ես մեղավոր եմ միայն նրանում, որ վստահում էի ինձ շրջապատող մարդկանց»,- ասել է Ատամբաևը՝ շեշտելով, որ իր համար կարևոր են ոչ թե «իշխանությունն ու աթոռը», այլ ժողովրդի ապագան։

Փոխանցում է tass.ru-ն։