09.10.2020 11:40

Դենիս Դվորնիկով. Ալիևն ուզում էր ոչնչացնել Արցախը, բայց ոչնչացրեց Ադրբեջանը

Դենիս Դվորնիկով. Ալիևն ուզում էր ոչնչացնել Արցախը, բայց ոչնչացրեց Ադրբեջանը

Վերջին տարիներին մենք հետևում էինք այդ անդրկովկասյան հանրապետության բրենդի փոփոխությանը, գրավիչ իմիջի ձևավորմանը՝ մի տեսակ առաջադեմ «հետխորհրդային էմիրաթի» նմանակի, երկնաքերներով, «Ֆորմուլա 1»-ով և սովորական քաղքենուն զարմացնող շքեղությամբ։

Խնդիր էր դրված փոխել Ադրբեջանի կայուն պատկերը, որը Ռուսաստանում շատերի համար ամուր կերպով կապված է շուկայական առևտրի, ինչպես նաև ծնունդով այդ երկրից եկած ամենաերևելի մարդկանց յուրօրինակ կենցաղային էթիկայի հետ։ Ընդ որում, ի մեծ ցավ բոլորի, արվեստի ադրբեջանցի գործիչների և ինտելեկտուալների, այսպես ասած՝ նվաճումներն այդպես էլ չդարձան հանրապետության կերպարի նշանակալի մասը։

Նորացված ապրանքանիշի ստեղծման համար միլիարդավոր նավթադոլարներ ներդրվեցին։ Աշխատանքին միացան լուրջ պրոֆեսիոնալներ, ընդհուպ՝ միջազգային գործակալություններ։ Ինչ-որ պահի այդ «ոսկե փոշոտումը» սկսեց պտուղներ տալ, իսկ Բաքուն վերածվեց զբոսաշրջության համար գայթակղիչ վայրերից մեկը։ Բայց Արցախի դեմ վերջին երկու շաբաթվա պատերազմի ընթացքում  այդ ամբողջ թանկարժեք դիմահարդարումը հօդս ցնդեց։ Միջազգային հանրությունը տեսավ բոլորովին այլ դեմք, որի կողքին ձմերուկի սովորական թուխ առևտրականը հաճելի ու բարեհոգի տեսք ուներ։

Մենք տեսանք, որ Ադրբեջան պետության ակտիվ ներկայացուցիչները կարող են ուրախանալ և արդարացնել պատմամշակութային կառույցների գնդակոծումը (կապ չունի՝ եկեղեցի է, թե մզկիթ)։ Մենք սոսկումով հետևում ենք, թե ինչպես են ուղիղ նշանառությամբ գնդակոծվում խաղաղ քաղաքներն ու գյուղերը։ Ինչպես են անգթորեն սպանում կանանց ու երեխաներին՝ նույնիսկ հերթապահ ափսոսանք չհայտնելով խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ։

Մենք ստիպված ենք հավատալ մեր աչքերին՝ տեսնելով Արցախի ագրեսիային մասնակցելու համար ահաբեկչական խմբերի ներգրավման ապացույցները։ Ո՞վ հիմա արդեն ցանկություն կունենա գնալ հիանալու «Օրիորդի աշտարակով» կամ զբոսնել Կասպիականի առափնյակում։

Ոչ մեկին, բացի Էրդողանից, պետք չեկող այս պատերազմում Ադրբեջանի պահվածքը արհամարհանք ու սարսափ է հարուցում։ Սոսկալի է, երբ  այն պետությունը, հանուն որի Ռուսաստանը տարիներ շարունակ նախատինքներ է կրել դաշնակիցներից, իրեն դրսևորում է, ըստ էության, որպես դավաճան։ Չէ՞ որ դժվար է այլ կերպ բնութագրել վարչակարգի արարքը, որը մարդասպանների է վարձում, որոնց դեմ ռուսաստանյան Զինված ուժերը տարիներ շարունակ ծանր ու թանկ արժեցող պատերազմ են մղել Սիրիայում։

Իսկ այդ արյունոտ տորթի վրա հոտած բալի նման էին ադրբեջանցի լրագրողուհի Սաադատ Կադիրովայի խոսքերը, որը, արտահայտելով ադրբեջանցի ժողովրդի դիրքորոշումը, համարձակվեց  Շուշիի Ամենափրկիչ տաճարն անվանել «զուգարան» և արդարացրեց արցախցիների սպանությունը ԼՂՀ տարածքի ցանկացած տեղում։ Նման հայտարարությունները դուրս են էթիկայի ու բարոյականության բոլոր սահմաններից։ Ինչպես և այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Ադրբեջանի դրոշի ներքո։