10.10.2020 09:38

Ողջունում են հրադադարը

Ողջունում են հրադադարը

«Կոչ ենք անում մեր հարևան Ադրբեջանին ու Հայաստանին` կառուցողական երկխոսություն սկսել միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»,-ողջունելով հրադադարի համաձայնագիրը՝ ասել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը և ընդգծել, որ Իրանը բարձր է գնահատում Ռուսաստանի «կառուցողական ջանքերը»։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հուսով է, որ հետագա բանակցություններն առաջընթաց կապահովեն հակամարտության կարգավորման և կայուն խաղաղության հաստատման համար և կնպաստեն բարեկեցության ու անվտանգության ամրապնդմանը ողջ տարածաշրջանում:

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը Թվիթերում մասնավորապես գրել է. «Հուսով ենք, հակամարտող կողմերը կպահպանեն կրակի դադարեցման պարտավորությունը և կվերադառնան բովանդակային բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունները պետք է անհապաղ սկսվեն խաղաղ կարգավորումն ապահովելու համար», - մասնավորապես ասված է Հունաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում։

Գերմանիայի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ Դաշնային կառավարությունը «ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մարդասիրական հրադադարը և կոչ անում երկու կողմին` հարգել տվյալ հրադադարն ու խուսափել հետագա զոհերից»: