12.10.2020 19:28

Գայանե Այվազյան. Լևոն Տեր–Պետրոսյանից հետո Ղարաբաղի կոնֆլիկտի մասին երկու լեզու առաջացավ` ներքին ու արտաքին

Գայանե Այվազյան. Լևոն Տեր–Պետրոսյանից հետո Ղարաբաղի կոնֆլիկտի մասին երկու լեզու առաջացավ` ներքին ու արտաքին

Գայանե Այվազյանը Ֆեյսբուքում գրել է.

Լևոն Տեր–Պետրոսյանից հետո Ղարաբաղի կոնֆլիկտի մասին երկու լեզու առաջացավ` ներքին ու արտաքին։ Արտաքին լեզվով Հայաստանի ղեկավարները պահպանում էին իրենց հավատարմությունը միջազգային կառույցների առաջ ստանձնած պարտավորություններին, փորձում էին լինել հասկանալի դրսի պարտնյորներին, ցույց տալ, որ կոնֆլիկտի լուծման առումով պոլիտկոռեկտ են և ուզում են այն լուծել։ Ներսում անում էին լրիվ հակառակը` Մանվելի դպրոցական հայդուկների խմբերից մինչև համալսարաններ ստեղծելով կոնֆլիկտի լուծման դիմադրություն։

Ղարաբաղի հարցը հասարակությունից կտրել են հետևողականորեն` նրան թողնելով միայն դրա պահանջմունքներն ու ծախսերը փակելու պարտավորությունը։ Խնդիրը դարձել է վառոդի տակառ, որին պարաններով կապել են հասարակությանը։ Սա արվել է հնարավոր պայթյունները երկարաձգելու համար։ Ոչինչ չի արվել պայթյունը բացառելու ուղղությամբ։ Հեղափոխությունից հետո ղարաբաղյան տակառը նույն պարաններով կապված մնաց հասարակությանը, որ հույս ուներ ազատվել նախկին վատ կյանքից։ Միակ փոփոխությունն այն էր, որ ղարաբաղյան երկփեղկված լեզուն դարձավ մեկը` ներքին լեզուն դուրս բերվեց նաև արտաքին միջավայր։ Պատերազմի օրերին առանձնահատուկ սրացումներով է աշխատում այդ լեզուն։ Դժվար թե այդ էմոցիոնալությունն ու ծայրահեղ սրությունը օգնեն հասկանալ մեզ, պետք է սովորել հասկանալի լեզվով խոսել, հաշվի առնել, որ եթե խնդիրը մեզ երևում է միայն մի կողմից ու մեր տեսողությանը շատ մոտ է, փակում է մնացած ամեն ինչը, ապա ուրիշների դեպքում խնդիրը տեղադրված է աշխարհի մեծ քաղաքական քարտեզի վրա և դիտարկվում է ամբողջի մեջ։ Կարևորը ցույց տալ ամբողջը ըմբռնելու և դրա մասը լինելու նշաններ։