14.10.2020 07:58

ԱՄՆ դեսպանի կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորել միմիայն բանակցություններով

ԱՄՆ դեսպանի կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորել միմիայն բանակցություններով

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ռազմական լուծում չունի և կարող է կարգավորվել միմիայն բանակցությունների ճանապարհով։

ТАСС-ի հետ զրույցում երեքշաբթի նման կարծիք է հայտնել ամերիկացի դեսպան Քերի Քավանոն, որը 1999-2001 թթ․ զբաղեցրել է Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը։

«Ռազմական գործողություններն այնտեղ ոչ մեկի շահերից չեն բխում,- ընդգծել է նա։- Հակամարտության լուծման միակ ճանապարհը բանակցությունների միջով է անցնում։ Դա դժվար ճանապարհ է։ Եթե հարց տանք՝ հնարավո՞ր է համաձայնության գալ բանակցությունների միջոցով, ապա պատասխանն է՝ այո։ Բայց դրան հասնելու համար կողմերը պետք է պատրաստ լինեն բանակցությունների և նախապատրաստեն իրենց հասարակություններին` ընդունելու այդ պայմանավորվածությունները։ Երբ ռազմական գործողություններ են ընթանում, դրան հասնելը շատ դժվար է»։

Քերի Քավանոն շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այդ ուղղությամբ գործադրվող ջանքերն առաջվա նման անհրաժեշտ են։ Երկու կողմերին էլ «հարկավոր է փոխադարձաբար ընդունելի փոխզիջումներ մշակելու հնարավորություններ փնտրել։ ․․․Կարծում եմ՝ հնարավոր է լուծում գտնել»։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի դերակատարության մասին՝ դեպանը նշել է, որ «վերջին տարիներին այդ դերը պակաս ակտիվ է եղել», սակայն չի բացառել, որ նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ը ավելի ակտիվ քաղաքականություն կվարի այդ հարցում։

Փոխանցում է tass.ru-ն։