14.10.2020 17:00

Էրդողանն ուզում է` ԵԱՀԿ Մինսկի խումբը «տարածքները վերադարձնի Ադրբեջանին»

Էրդողանն ուզում է` ԵԱՀԿ Մինսկի խումբը «տարածքները վերադարձնի Ադրբեջանին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավարտի բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցով և «տարածքները վերադարձնի Ադրբեջանին»։

«Ադրբեջանն ընդամենը պահանջում է վերադարձնել օկուպացված տարածքները, բայց Մինսկի խումբը, մասնավորապես՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը, ձգձգում են գործընթացը։ Այն ամենը, ինչ Մինսկի խումբը պետք է անի, հենց հիմա բանակցություններն ավարտելն է և տարածքները սեփականատիրոջը հանձնելը»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։

Նրա կարծիքով՝ «այսօր ադրբեջանցի ժողովուրդը ակտիվ պայքար է մղում իր պատմական հողերն ազատագրելու համար»։

Թուրքիան չի զբաղվել սիրիացի զինյալներ Ադրբեջան ուղարկելով, պնդել է Էրդողանը։ «Ոչ մեկը չի խոսում այն զենքերի մասին, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան են մատակարարել Հայաստանին, բայց մեղադրում են Ադրբեջանին սիրիացի գրոհայինների օգտագործելու համար։ Սիրիացիներն իրենց երկրում էլ շատ գործ ունեն, նրանք այնտեղ չէին գնա»,-կարծիք է հայտնել Էրդողանը։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայիններ բերելու կապակցությամբ։ Նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարար  Սերգեյ Շոյգուն այդ մտահոգությունը հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

Փոխանցում է tass.ru-ն։