15.10.2020 03:25

WP․ 50-ից ավելի սիրիացի վարձկաններ սպանվել են Ղարաբաղի մարտերում

WP․ 50-ից ավելի սիրիացի վարձկաններ սպանվել են Ղարաբաղի մարտերում

Առնվազն 52 սիրիացի վարձկաններ են սպանվել Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններում։ Երեկ նման պնդմամբ է հանդես եկել The Washington Post թերթը։

Թերթի տվյալներով՝ այս ամիս ավելի վաղ սպանված վարձկանների մարմինները թուրք-սիրիական սահմանին հանձնվել են հարազատներին։ Վերջիններս պարբերականին հայտնել են, որ «սպանվածները վարձկան են եղել, որոնք հավաքագրվել են Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող զինված կազմավորումների կողմից, որպեսզի Ադրբեջանի կողմից մասնակցեն Հայաստանի դեմ մարտերին»։

Հարազատների պատմելով՝ վարձկաններին խոստացել են ամսական աշխատավարձ վճարել, իսկ Ադրբեջան են նրանք ժամանել Թուրքիայի հարավից։

Ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal թերթը հոդված էր հրապարակել, որում ասվում էր, թե Թուրքիայի հետ կապ ունեցող հարյուրավոր զինյալներ Սիրիայից փոխադրվել են  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, թե Թուրքիան չի զբաղվում արաբական հանրապետությունից սիրիական ընդդիմության մարտիկներին Ադրբեջան տեղափոխելով։

Փոխանցում է tass.ru-ն։