15.10.2020 17:12

Ադրբեջանը հիմնականում կիրառում է թուրքական և իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ

Ադրբեջանը հիմնականում կիրառում է թուրքական և իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ

Ադրբեջանի զինանոցում կան և կիրառվում են թուրքական և իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր, ավելին՝ ադրբեջանական սպառազինությունում առկա ԱԹՍ-ները հիմնականում հենց այս երկու երկրների արտադրության են: 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնել է Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանի զինանոցում կան թուրքական, իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր և արդյոք կիրառվել են, Մովսեսյանը պատասխանել է՝ այո, կան: «Հիմնականում իրենց սպառազինությունում այդ երկու պետությունների ԱԹՍ-ներն են»,- նշել է Մովսեսյանը:

Մասնավորապես, նա անդրադարձել է թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-ների ն, որոնք կարող ենք մինչև 12 հազար մետր բարձրության վրա թռիչք իրականացնել, վարել ակտիվ հետախուզություն, երկար ժամանակ մնալ օդում և ուղղորդել կրակային միջոցներին:

Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, թե իբր Հայաստանի Հանրապետության տարածքին հարվածներ չեն հասցրել՝ Մովսեսյանը նշել է, որ դրանք սուտ են:

«Առաջին իսկ օրվանից հակառակորդը հրթիռային հարվածներ է հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին և մերձակա բնակավայրերին, հետագա օրերին նաև Սյունիքի մարզի ուղղությամբ, որոնց արդյունքում ունենք զոհեր, վիրավորներ: Հոկտեմբերի 10-ին հակառակորդը հարվածային ԱԹՍ-ներով երկու անգամ հարված է հասցրել Կապան քաղաքի օդային պաշտպանությունն իրականացնող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին, որի արդյունքում ունենք անձնակազմի կորուստներ, կա նաև սպառազինության՝ ռազմական տեխնիկայի ոչնչացում»,- ասել է նա:

 

Արմենպրես