16.10.2020 07:09

ՏԱՍՍ. Տանտերն, անտեսելով վտանգը, համառորեն հրավիրում Է տուն, գինի լցնում գավաթը, խաղող քաղում եւ առաջարկում հյուրերին. «Արմենպրես»

ՏԱՍՍ. Տանտերն, անտեսելով վտանգը, համառորեն հրավիրում Է տուն, գինի լցնում գավաթը, խաղող քաղում եւ առաջարկում հյուրերին. «Արմենպրես»

Միջազգային լրագրողների խումբն Արցախի՝ ճակատային գծից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մարտունի փոքրիկ քաղաքում արձանագրել է՝ այն հրետակոծման Է ենթարկվում ամեն օր` նույնիսկ հրադադարի ռեժիմի համաձայնությունից հետո:

Ռուսական ՏԱՍՍ-ի թղթակիցը պատմել է, որ բնակավայրի շատ բնակիչներ մեկնել են, մնացածները պատսպարվում են նկուղներում, եւ միայն ամենահամարձակներն են երբեմն մի քանի րոպեով փողոց դուրս գալիս: «Լրագրողները մոտենում են տեղի վարչակազմի շենքին, արագորեն իջնում եւ թաքնվում մուտքի մոտ ծառերի տակ կամ մտնում նախասրահ, որպեսզի անօդաչուները մարդկանց մեծ կուտակումներ չֆիքսեն բաց տարածքում: Քաղաքի շրջակայքում ինչ-որ տեղ լսվում են արկերի չդադարող պայթյունները»,-պատմել է լրագրողը:

«Բառացիորեն մի քանի րոպե առաջ հակառակորդը հրետակոծեց քաղաքը: Գնդակոծումները շարունակվում են ամեն օր նույնիսկ զինադադարից հետո,- նշել է զինվորական համազգեստ հագած քաղաքապետը:- Մեր դեմ գործում են անօդաչուներ, «Գրադներ», «Սմերչներ», «Ուրագաններ», եղել Է նույնիսկ ավիահարձակում: Ընդամենը հակամարտության Էսկալացիայի սկզբից ի վեր Մարտունիում զոհվել Է հինգ խաղաղ բնակիչ, եւ տասը վիրավորվել Է»:

 Քաղաքապետը լրագրողներին նախազգուշացել է, որ կրկին գնդակոծման հավանականությունը չափազանց մեծ Է, առաջարկել կես ժամից մի ժամ սպասել ոչ հեռվում գտնվող նկուղում, նախքան կմեկնեն նկարահանելու քաղաքը եւ շփվելու տեղացի բնակիչների հետ:

«Քաղաքն ամայի Է, սոսկ ժամանակ առ ժամանակ մեծ արագությամբ անցնում են մարդատար ավտոմեքենաներ. յուրաքանչուր վարորդ ցանկանում Է հնարավորինս արագ հասնել նպատակին եւ վերադառնալ փրկարար նկուղ: Ապաստարաններից կանայք գրեթե դուրս չեն գալիս, իսկ տղամարդիկ երբեմն դուրս են գալիս՝ ստուգելու իրենց տունն ու տնտեսությունը: Բակերից մեկում տանտերն, անտեսելով վտանգը, թղթակիցներին համառորեն հրավիրում Է մտնել տուն, դույլից գինի լցնում գավաթը, խաղող քաղում եւ առաջարկում հյուրերին: Հետո ուղեկցում Է այգի եւ ցույց տալիս արկի առաջացրած ձագարափոսը: Երբ քաղաքում մնալն արդեն դառնում Է շատ վտանգավոր, լրագրողները մեկնում են՝ հրաժեշտի «հաջողություն» եւ «զգույշ եղեք» մաղթանքներով»,- պատմում է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը՝ ՏԱՍՍ-ի