19.10.2020 16:13

Ինչպես երեւում է, վարձկանների «վճարովի արձակուրդը» չստացվեց. РИА Новости

Ինչպես երեւում է, վարձկանների «վճարովի արձակուրդը» չստացվեց. РИА Новости

«Մոլեռանդ, մինչեւ ատամները զինված, մոտիվացված եւ պատրաստված. այն, որ սիրիացի վարձկանները մասնակցում են նոր ղարաբաղյան պատերազմին, հաստատել են միանգամից մի քանի բարձրաստիճան աղբյուրներ: Ինչպես օրերս հայտարարել է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը, ծայրահեղականները հակամարտության գոտի են ժամանում 100-ական մարդ կազմող խմբերով, քանի որ լավ վարձատրվում են»:

Այս խնդրին անդրադարձել է РИА Новости գործակալության թղթակից Անդրեյ Կոցը. նա ծավալուն վերլուծական հոդված է գրել ռուսական կայքում` հակամարտության գոտում ահաբեկիչների մասնակցության վերաբերյալ: 

Կոցի նյութը` մասնակի կրճատումներով, ներկայացնում ենք ստորեւ: 

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի խոսքով, Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմին մասնակցում են հազարավոր ծայրահեղականներ: Դրանք միջազգային ահաբեկչական «Ջաբհաթ ան Նուսրա», «Ֆիրքաթ Խամզա», «Սուլթան Մուրադ», ինչպես նաեւ այլ խմբավորումների ներկայացուցիչներ են:

Կոցը հիշեցնում է, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւս հայտարարել է, որ 300 ծայրահեղականեր Սիրիայից տեղափոխվել են Բաքու` թուրքական Ղազիանթափով: Ադրբեջանի նախագահ Ալիեւը, սակայն, Ֆրանսիայի նախագահից պահանջել է ներողություն խնդրել` պնդելով, որ իր բանակը վարձկանների ծառայություններից չի օգտվում:

Համացանցում հայտնված բազմաթիվ տեսանյութեր, սակայն, ըստ հեղինակի, հակառակի մասին են վկայում:

«Ադրբեջանական զինվորականներն իրենց դիրքերից տեսանյութեր չեն տեղադրում, իսկ ահա սիրիացի մարտիկները համեստություն չեն անում»,- նշում է հեղինակը` մասնավորապես հիշատակելով վարձկանների հրապարակած մի քանի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են նրանք քայլում հայ զինծառայողների դիերի կողքով եւ «Ալլահ աքբար» գոչում: Մեկ այլ տեսանյութում, ըստ հեղինակի, երեւում է, թե ինչպես են տարատեսակ կամուֆլյաժներ հագած վարձկանները կրակում «փիքափ» մեքենաների տանիքներին տեղադրված անձնական հրաձգային զինատեսակներից եւ մեծ տրամաչափի գնդացիրներից: Գանթրաքները (գնդացիրներով եւ հրանոթներով հագեցած բեռնատարներ- iLur.am) սիրիացի վարձկանների սիրելի զենքն են:

Հեղինակը նշում է, որ ոչ մի կասկած չի հարուցում նրանց ազգային պատկանելությունը. տեսանյութերում հստակ լսվում են արաբերեն հնչող հրահանգները: 

«Լեռնային Ղարաբաղում գործում են մինչեւ 5 հազար վարձկաններ»,- նյութի հեղինակի հետ զրույցում ասել է միջազգայնագետ-լրագրող, Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Աբբաս Ջուման:

Փորձագետի խոսքով, նրանք հիմնականում Իդլիբում տեղակայված, այսպես կոչված, Սիրիական ազգային բանակի ներկայացուցներն են: Դա, փորձագետի խոսքով, բավականին բազմանդամ միավորում է` կազմավորված տարբեր բազմաթիվ խմբավորումներից: Օրինակ` ՍԱԲ-ում կա «Ալ Խամզա»-ի դիվիզիա: Հենց այդ խմբավորման մարտիկներն են երեւացել հրապարակված առաջին տեսանյութում, ինչն էլ ապացուցում է նրանց մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը: Նրանք այնտեղ հստակ արձանագրել են իրենց պատկանելությունն այդ խմբավորմանը եւ կոչ են արել իրենց «գործընկերներին»` շտապել դեպի Ադրբեջան: Մասնագետներն այդ տեսանյութերի հիման վրա կարողացել են տեղորոշել նրանց տեղակայման վայրերը. տեսանյութերն արվել են Հորադիզում:

Փորձագետը վստահ է` «Ալ Խամզայի» վարձկանները Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել Լիբիայից, որտեղ պատերազմում էին լիբիական բանակի մարշալ Խաֆթար Խալիֆայի բանակի դեմ` Թուրքիայից օժանդակություն ստացող Ազգային անցումային խորհրդի կողմից: Նրանց տեղափոխել են Ադրբեջան թուրքական բեռնատար ինքնաթիռները, իսկ մարտի դաշտեր են հասել մեքենաներով: Հեղինակը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը` հղում կատարելով «Մարդու իրավունքների հարցերով Սիրիական կենտրոն»-ին, հաղորդել էր, որ Լեռնային Ղարաբաղում ոչնչացվել են հարուրավոր «ներկրված» վարձկաններ:

Ըստ հեղինակի, «Ալ Խամզա»-ի դիվիզիան համարվում է Սիրիական ազգային բանակի ամենամարտունակ խմբավորումներից մեկը: Դրանց մարտիկներն անդադար մարտեր են վարում 2013 թվականից, ստեղծումից ի վեր խմբավորումը ֆինանսական աջակցություն է ստացել ԱՄՆ-ից եւ Թուրքիայից: «Ալ Խամզան» ղեկավարում է թուրքական հետախուզության սպա Սեյֆ Աբու Բաքրը, որը երկար տարիներ եղել է Իսլամական պետության մեջ ներդրված թուրքական գաղտնի գործակալ: 

Թուրքիան Սիրիայում ակտիվորեն օգտվել է «Ալ Խամզայի» եւ այլ խմբավորումների ծառայություններից: Մասնավորապես, 2016-ին թուրքական «Եփրատի վահան» օպերացիայի ժամանակ նրանք առաջիններից են, որ ներխուժել են Սիրիայի հյուսիսում գտնվող Ջերաբուլուս եւ Քարքամըշ համայնքները, իսկ 2018-ին մասնակցել են թուրքական ներխուժմանն Աֆրին` «Ձիթենու ճյուղ» օպերացիայի շրջանակներում: 2019-2020 թվականներից էլ ակտիվորեն աջակցել էին թուրքական համակարգողներին` Իդլիբի վրա հարձակման ժամանակ:

Հեղինակը նշում է, որ այդ խմբավորումները մարզանքների համար նախատեսված հատուկ ճամբարներ ունեն, իսկ նրանց ղեկավար կազմն ուսանում է երկու լիարժեք ակադեմիաներում: Բարձր մակարդակի վրա է նաեւ նյութական աջակցության հարցը: Ի դեպ, հեղինակը հիշատակում է, որ Սիրիական ազգային բանակի այլ խմբավորումների ներկայացուցիչները «Ալ Խամզայի» անդամներին համարում են տականքներ, քանր որ նրանք ընդունակ են խաղաղ բնակչության հանդեպ ցանկացած գազանության:

Միաժամանակ, նյութի հեղինակը նշում է, որ մեծ փորձ ունեցող ամենամարտնչող խմբավորումներից մեկի անդամները, որոնք տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, այնտեղ մեկնել էին մեծ գումար վաստակելու եւ «մի փոքր հանգստանալու» համար` հույսով, որ պայմաններն այնտեղ պակաս ծանր կլինեն: Շատերն այդ պատերազմն ընկալում են որպես «վարձատրվող արձակուրդ»:

Փորձագետը, սակայն, նյութի հեղինակի հետ զրույցում նշում է, որ թեեւ Ադրբեջանն ունի բնակչության ավելի մեծ թիվ եւ տեխնիկապես ավելի հագեցած է, ինչն էլ խաղարկում է պաշտոնական Բաքուն` նշելով, թե «իրենց ինչի՞ն է պետք այդ պարագայում վարձկաններ բերել», այդուհանդերձ, դրանք կան եւ կիրառվում են որպես թնդանոթի միս: Նրանք առաջին գծում են, լուծում են ամենաբարդ խնդիրները եւ կատարում ամենակեղտոտ աշխատանքը: Ըստ էության, նրանք թնդանոթի միս են, ինչը ոչ ոք չի ափսոսում: Իսկ Ադրբեջանի բնակչության համար` երկրի հետ կապ չունեցող վարձկանների մահը ոչ մի նշանակություն  չունի, ի տարբերություն կանոնավոր բանակի զինվորների դագաղների շարանի:  

Սակայն, ինչպես նշում է հեղինակը, հղում կատարելով The Wall Street Journal պարբերականին,  ավազակ վարձկանների համար Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմն ակնկալվող հեշտ զբոսանք չի դարձել: Սիրիացի վարձկանների շարքում կորուստներն աճում են, եւ արդեն 200 ծայրահեղականներ խնդրում են, որ իրենց տուն ուղարկեն:

«Ինչպես երեւում է, «վճարովի արձակուրդը» չստացվեց»,- գրում է հեղինակը: