19.10.2020 16:43

Լավրովը կոչ է արել դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում

Լավրովը կոչ է արել դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում: Նրա խոսքը մեջբերում է РИА Новости-ն:

Նա ասել է, որ մինչ այդ ընդունված փաստաթղթերը թույլ չեն տվել արմատապես փոխել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, իսկ մարտերի դադարեցման համար անհրաժեշտ է ստեղծել կրակի դադարեցման ռեժիմի մշտադիտարկման վերահսկման մեխանիզմներ:

Հավելել է, որ ԵԽ քարտուղարության իր գործընկերներին տեղեկացրել է, թե ինչ տեսլական ունի Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, եւ ինչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել այդ ուղղությամբ:

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ այժմ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել թե՛ կողմերին, թե՛ պատասխանատու միջազգային խաղացողներին առճակատման տանող հռետորաբանության լարումը: Հաջորդ կարեւոր քայլը մարտական գործողությունների եւ քաղաքացիական օբյեկտների թիրախավորման դադարեցումն է:

«Որպեսզի կրակի դադարեցումն աշխատի (ինչպես տեսանք` նախորդ երկու փաստաթղթերի ընդունումից հետո դրանք չեն պահպանվել եւ թույլ չեն տվել արմատապես փոխել իրավիճակը), անհրաժեշտ է կրակի դադարեցման ռեժիմի վերահսկման մեխանիզմների ստեղծում եւ ներդրում: Այդ ուղղությամբ մենք ակտիվորեն աշխատում ենք, մեր Պաշտպանության նախարարությունը նույնպես` առաջին հերթին Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ: Հուսամ, որ շատ մոտ ապագայում այդ մեխանիզմը համաձայնության կարժանանա»,- հայտարարել է Լավրովը:

«Այս պահի դրությամբ անհրաժեշտ է դրդել կողմերին` համաձայնեցնել առանցքային կետերը, որոնք հնարավորություն կտան արդեն երկարաժամկետ հեռանկարում կայունացնել իրավիճակը տարածաշրջանում, ապաշրջափակել տնտեսական, տրանսպորտային կապերն ու ապահովել թե՛ Ղարաբաղի, թե՛ այնտեղ տեղակայված այլ տարածքների հուսալի անվտանգությունը»,- ասել է Լավրովը: