19.10.2020 19:07

Փաշինյանն ու Ալիեւը ТАСС-ին ասել են, թե դեմ չեն հանդիպել Մոսկվայում

Փաշինյանն ու Ալիեւը ТАСС-ին ասել են, թե դեմ չեն հանդիպել Մոսկվայում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առանձին հարցազրույցներ են տվել ռուսական ТАСС գործակալությանը:

Երկուսն էլ, ի թիվս այլ հարցերի, պատասխանել են այն հարցին, թե արդյո՞ք պատրաստ են մեկնել Մոսկվա եւ հանդիպել միմյանց:

Նիկոլ Փաշինյանն այդ հարցին արձագանքել է, որ պատրաստ է մեկնել Մոսկվա` Ալիեւի հետ հանդիպելու: Միաժամանակ Փաշինյանը հավելել է. «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, դա մեր դիրքորոշումն է: Ցավոք, Ադրբեջանը չի կիսում այդ տեսակետը: Եւ ես պատրաստ եմ գործադրել բոլոր ջանքերը` այդպիսի արդյունքի հասնելու համար, այդ թվում եւ` մեկնել Մոսկվա եւ հանդիպել»:

Փաշինյանը նաեւ շեշտել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի փոխզիջումներով. «Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայով, այլ` փոխզիջումներով: Եւ եթե դիմացի կողմը պատրաստ չէ, մենք պատրաստ ենք պայքարել մինչեւ վերջ` մեր ժողովրդի իրավունքների համար, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների համար»:

Նույն հարցին պատասխանելով` Ալիեւն ասել է, թե բազմիցս է եղել Մոսկվայում, այս պահին նման հանդիպման հրավեր չի ստացել, այդուհանդերձ հավելել է, թե պատրաստ է հանդիպել Մոսկվայում կամ այլ վայրում` «հակամարտությանը վերջ տալու եւ կարգավորման ուղիներ փնտրելու համար»: Զուգահեռաբար Ալիեւը հայտարարել է, թե իրենք էլ են ցանկանում խաղաղություն, բայց միաժամանակ, ի տարբերություն Հայաստանի, ցանկանում են տարածքները, որոնք, իր խոսքով, իրենց են պատկանում: