26.09.2012 15:17

Քաթարի էմիրը կոչ է անում արաբական երկրներին միջամտել Սիրիայի պատերազմին

Քաթարի էմիրը կոչ է անում արաբական երկրներին միջամտել Սիրիայի պատերազմին

Քաթարի էմիրն անսպասելի կտրուկ կերպով է անդրադարձել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ համաժողովի հիմնական թեմաներից մեկին՝ Սիրիայի հակամարտությանը:

Էմիրի կարծիքով՝ արաբական երկրները պետք է անհապաղ միջամտեն խնդրին, քանի որ ՄԱԿ-ն արդեն ցույց է տվել, որ չի կարողանում միայնակ լուծում գտնել:

«Մենք օգտագործել ենք  հասանելի բոլոր տարբերակները՝ Սիրիայում գոյացած «բռնությունների փակ շրջանը»  վերացնելու համար: Անվտանգության խորհուրդը չկարողացավ ազդեցիկ դիրքերից հանդես գալ, ուստի լավ կլինի, որ արաբական երկրները միջամտեն իրավիճակին: Դա նրանց ազգային, մարդասիրական և ռազմական պարտքն է »,- հայտարարել է էմիրը:

Սակայն,  մյուս կողմից՝ Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին, ով առաջին անգամ էր մասնակցում Ասամբլեային, միտք է հայտնել, որ ռազմական միջամտությունը մեծ սխալ կլինի: Նա ընդգծել է, որ Սիրիայի պատերազմում արաբական հարևանների դերը նշանակալի կլինի միայն մարտնչող կողմերի միջև հաշտության հիմք ստեղծելու հարցում: