22.10.2020 22:46

Պուտին. Մեզ համար սա առանձնահատուկ իրավիճակ է

Պուտին. Մեզ համար սա առանձնահատուկ իրավիճակ է

Ռուսաստանում ապրում է ավելի քան 2 մլն հայ և ուղիղ 2 մլն ադրբեջանցի: Մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են: Մեզ համար մեծ ողբերգություն է, երբ այնտեղ մարդիկ են մահանում:

Բայց մենք չպետք է մոռանանք, թե ինչ է կատարվել հայ ժողովրդի հետ Առաջին համաշխարհայինի ժամանակ․ դա մեծ ողբերգություն էր: ԼՂ հակամարտությունը միայն երկու պետությունների հակամարտություն կամ տարածքի համար կռիվ չէ: Այն էթնիկ ծագում ունի: Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, հետո Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ էին իրականացվում հայ ժողովրդի դեմ:

Մենք առաջարկել ենք այս ճգնաժամի կարգավորման բազմաթիվ տարբերակներ, որպեսզի իրավիճակը կայունանա: Երբեմն թվացել է, թե ևս մի քայլ, և մենք կգտնենք լուծումը: Ցավոք, դա տեղի չի ունեցել: Ողբերգությունն այն է, որ մարդիկ են մահանում: Լեռնային Ղարաբաղում ներկայիս հակամարտությունում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի։

Մեզ համար սա առանձնահատուկ իրավիճակ է: Այո՛, ստեղծվել է Մինսկի խումբը, համանախագահները՝ ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, բանակցային գործընթացը կազմակերպելու պատասխանատվություն են կրում: Բոլոր կողմերն անկեղծորեն ձգտում են, որ իրավիճակը կարգավորվի, բայց ոչ ոք դրանով այնքան հետաքրքրված չէ, որքան Ռուսաստանը, որովհետև դա տեղի է ունենում մեր բարեկամների հետ:

Ես կապ եմ պահպանում և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Օրական մի քանի անգամ նրանց հետ հեռախոսազրույց եմ ունենում: Մեր արտգործնախարարները, պաշտպանության նախարարները, հատուկ ծառայությունների ղեկավարները մշտական կապի մեջ են:

[ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ]

Արցախի տեղեկատվական շտաբ