24.10.2020 10:01

Դավիթ Տեր–Պետրոսյան. Հրաժեշտ ավագ ընկերոջս

Դավիթ Տեր–Պետրոսյան. Հրաժեշտ ավագ ընկերոջս

Ինչ տեսակ մարդ ես, որ գնալուցդ հետո էլ չազատվեցի գրաքննությունիցդ: Մարդ չգիտի ինչ անի: Բառ գրելուց հա՛ մտածում ես , որ ճոռոմ չհնչի, թե չէ ձեռքիցդ պրծնել չի լինի:

Ընկեր, պիտի ինձ ներես, եթե էս տողերում զզվածդ պաթոսը տեսնես: Խոսելով, պատմելով ու հիշելով ա, որ էս դառնագույն վշտից փախուստ, թաքստոց ու սփոփանք եմ փնտրում:

Կներես: Նենց գնացիր, որ ընկերության տարիների ընթացքում, խախանդ ժամանակներում, համիդ, հոտիդ, հումորիդ ու ընդհանրապես կողքդ լինելու հաճույքի մասին գրել չի լինում: Երբ գիտեի, որ կաս` հեշտ էր ու ապահով: Ծանր, խղճի ու ճշմարտության հետ կապված որոշում կայացնելուց` կզանգեի, հետդ կխորհրդակցեի, բեռի մի մասն էլ վրադ կթողնեի ու հանգիստ կապրեի:

Բա հիմա ի՞նչ անեմ: Էլի բոլորիս լռելյայն դաստիարակո՞ւմ ես: Ստիպում ես, որ մենք մեր խիղճը գտնենք, սկսենք մեր խղճով ու խելքով ապրել.. Բա որ չձգե՞նք: Թե մի բանում համոզված էիր, ճամփան նախանշած` «արգելակ» բառը չէիր ճանաչում, ոչնչի առաջ կանգնել չունեիր: Ընտանիք, ընկերներ... Բոլորիս ճամփան ցույց էիր տալիս, զգուշության կոչերն էլ` էն համեստ ու սիրուն ժպիտովդ լռեցնում:

«Խաղաղություն» բառը հայհոյանք սարքած, խաղաղասերին դավաճան համարող հասարակությունից ձեռ չքաշեցիր, կրկին ու կրկին փորձեցիր շտկել, իսկ վերջում` արդեն կյանքիդ գնով...

Կյանքդ տվիր ու մտքիդ ծայրով էլ չանցկացրիր, որ ինձ համար էդ հասարակությունն առանց քեզ արժեք չունի...

Դժվար ա լինելու առանց քեզ, ընկեր ջան... 

Դավիթ Տեր-Պետրոսյան