24.10.2020 13:36

Ալիեւը հայտարարել է, թե իրենք պատրաստ են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները` պայմանով...

Ալիեւը հայտարարել է, թե իրենք պատրաստ են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները` պայմանով...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե իրենք պատրաստ են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները` պայմանով, եթե հայկական կողմը եւս դադարեցնի կրակը:

Ալիեւը կրկնել է բազմիցս բարձրաձայնած իր այն տեսակետը, թե «իրենք պատրաստ են դադարեցնել կրակը, որ դրա մասին ինքն արդեն ասել է Մոսկվայում հոկտեմբերի 10-ին կայացած բանակցությունների ժամանակ, եւ որ, իբր, դրա համար բավարար է «հայկական կողմից կրակի դադարեցումը»: Ըստ Ալիեւի, հենց դրանից հետո կգա դիվանագետների գործելու ժամանակը:

Ալիեւը նորից հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ «հայկական կողմը համաձայնի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մշակած բազային սկզբունքներին», որոնց, իր խոսքով` ինքը համաձայնություն է տվել:

Դրանից հետո, ըստ Ալիեւի, իրենք կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ: Նա կրկնել է նաեւ իր մեկ այլ տեսակետ, ըստ որի` ինքը 17 տարի բանակցություններ է վարել Հայաստանի երկու ղեկավարների հետ, որոնց հետ դանդաղ առաջընթաց էր արձանագրել, եւ ապա նորից մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի ներկայիս ղելավարության հասցեին, թե ինչպես ոչնչացրին խաղաղ գործընթացը:

Ալիեւը նորից խոսել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ իր պատկերացումներից` հերթական անգամ հայտարարելով, որ ԼՂ–ն տեսնում է որպես Ադրբեջանի բարգավաճող ու վստահելի մի հատված, որտեղ ադրբեջանցիներն ու հայերը պետք է  ապրեն ներդաշնակության, խաղաղության պայմաններում` պահպանելով արժանապատվությունը, հաղորդում է Tass-ը: