25.10.2020 15:13

ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամության և անհրաժեշտության մասին. «Արմենպրես»

ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամության և անհրաժեշտության մասին. «Արմենպրես»

Երևանը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամությունը՝ փոխզիջման հիման վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

«Հայաստանի Հանրապետության վարչապետը բազմիցս հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամության և անհրաժեշտության մասին` փոխզիջման հիման վրա և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- ընդգծել է Մանե Գևորգյանը:

Նրա խոսքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ հենց Ադրբեջանն է հրաժարվում ձեռքբերված պայմանավորվածություններից՝ դրսևորելով մաքսիմալիստական մոտեցում:

«ՀՀ վարչապետն ասել է՝ երբ Հայաստանը հայտարարում է, որ այս կամ այն փոխզիջումն իր համար ընդունելի է, որը, թվում էր, մինչ այդ ընդունելի էր նաև Ադրբեջանի համար, այդ կոմպրոմիսը նրա համար շատ արագ դառնում է անընդունելի: Նա ասել է, որ այն պահին, երբ Հայաստանը հայտնում է փոխզիջման պատրաստակամություն, Ադրբեջանը պահանջում է ավելին: Այնպես որ` Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը պետք է հայտարարի, թե հավատարիմ է կարգավորման հիմնական սկզբունքներին՝ մշակված ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, առաջացնում է զարմանք, քանի որ Հայաստանը միշտ և ներկայում էլ հավատարիմ է այդ սկզբունքներին»,- ասել է Մանե Գևորգյանը:

«Արմենպրես»