25.10.2020 15:28

Արցախի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ

Արցախի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ

Հոկտեմբերի 23-24-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այցելել է Շուշիի և Ստեփանակերտի մի շարք ապաստարաններում բնակվող քաղաքացիներին և հետաքրքրվել նրանց խնդիրներով, ապաստարանների պայմաններով:

Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունների պատճառով Արցախի բնակչության հիմնական մասը ստիպված է բնակվել ապաստարաններում՝ կրելով բազմաթիվ զրկանքներ: Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և այլ լիազոր մարմիններ ամենօրյա ռեժիմով աշխատում են հումանիտար ծանր պայմաններում գտնվող բնակչությանն աջակցելու ուղղությամբ: Աշխատակազմում գործող 116 թեժ գծի ու այցերի միջոցով վերհանվում են քաղաքացիների խնդիրները, և բոլոր բնագավառներում տրամադրվում է անհրաժեշտ օժանդակություն:

Պաշտպանը շեշտադրել է, որ Երևանում գտնվող իր ներկայացուցիչներն ակտիվորեն համագործակցում են նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ՝ ՀՀ տեղափոխված արցախցիների կարիքների գնահատման ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Արձագանքելով բնակչության կողմից հնչող հարցերին՝ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ իր լիազորությունների շրջանակներում` հայաստանյան, սփյուռքյան և արտասահմանյան գործընկերների հետ միասին, արվում է ամեն հնարավորը Ադրբեջանի ագրեսիայի պատճառով Արցախում ստեղծված իրավիճակի մասին միջազգային կառույցներին ու իրավապաշտպան կազմակերպություններին իրազեկելու և հումանիտար աղետի հետևանքները մեղմելու ուղղությամբ:

Արցախի տեղեկատվական շտաբ