25.10.2020 15:48

Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ. «Արմենպրես»

Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ. «Արմենպրես»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը դիմում է ներկայացրել ՄԻԵԴ` 8 ռազմագերիների մասով, որոնց վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հոկտեմբերի 22-ին տեսանյութ էր տարածվել, «Արմենպրես»-ին հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Պահանջել ենք, որ ՄԻԵԴ-ն անհապաղ միջոց կիրառի Ադրբեջանի նկատմամբ։ Տեղեկատվություն ենք պահանջել անձանց որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ. որտեղ են գտնվում, ինչ պայմաններում են պահվում, ինչպես նաև պահանջել ենք միջոցներ ձեռնարկել նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով»,- ասել է Կիրակոսյանը։

Անուններ չհայտնելով, նա հավելել է, որ 5 ռազմագերիների մասով ստացել են ՄԻԵԴ-ի պատասխանը, որովհետև ի սկզբանե կարողացել են նրանց նույնականացնել, հետագայում արդեն 3 հոգու մասով են դիմում ներկայացրել։

«ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կառավարությունից տեղեկություն է պահանջել այդ 5 գերիների մասով և ժամկետ է սահմանել մինչև հոկտեմբերի 29-ը։ Այս պահին սպասում ենք պատասխանին։ Կարծում եմ, 3 ռազմագերիների մասով ևս նույն պատասխանը կստանանք Դատարանից»,- ասել է Կիրակոսյանը։

Հայկական կողմը նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է տեղեկացրել 8 ռազմագերիների մասով ՄԻԵԴ դիմելու, ինչպես նաև Դատարանից ստացած պատասխանի մասին։

«Արմենպրես»