25.10.2020 21:17

Էրդողանն անթաքույց սպառնում է ԱՄՆ–ին, անուղղակիորեն` աշխարհին. «Արմենպրես»

Էրդողանն անթաքույց սպառնում է ԱՄՆ–ին, անուղղակիորեն` աշխարհին. «Արմենպրես»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի պատասխան իր երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի սպառնալիքին, ասել է, թե Միացյալ Նահանգները չգիտի, թե ում հետ գործ ունի, վկայակոչելով CNN Turk-ը` փոխանցում է «Արմենպրես»-ը։

Իր գլխավորած իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության Մալաթիայի համագումարում Էրդողանն ասել է. «Որոշ ամերիկացիներ զանգում են իմ եղբայր Իլհամ Ալիևին ու ասում. «Մենք գիտենք, թե ով է ձեր կողքին կանգնած: Դուք Թուրքիային եք ապավինում, բայց մենք Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կսահմանենք»: Ախր դու (դիմում է ԱՄՆ-ին - խմբ.) չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել: Մի՛ ուշացրու, սահմանիր քո պատժամիջոցները` տեսնենք: Մենք F-35 կործանիչի համար մեր քայլն արեցինք, ձեզ գումարը վճարեցինք, իսկ դուք մեր F-35-երը չտվեցիք, չեք տալիս ու մեզ էլ սպառնում եք՝ ասելով՝ հետ տվեք Ռուսաստանից գնած S-400-ները: Մենք հո գաճաճ պետություն չե՞նք: Մենք Թուրքիան ենք, Թուրքիա՛ն»:

Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ տարիներ առաջ, երբ ինքը նոր էր վարչապետ դարձել, ԱՄՆ-ից ԱԹՍ են ակնկալել, սակայն չեն ստացել:

«Չտվեցին, ձգձգեցին: Դրանից ի՞նչ եղավ: Մենք ԱԹՍ-ի տեր դարձանք ու հիմա ոչ թե սովորական` այլ հարվածային: Այդ հարվածային ԱԹՍ-ներն այժմ աշխարհում օրինակ են դարձել: Որոշ երկրներ էլ ցանկանում են հարվածային ԱԹՍ-ների հարցում մեզ համար խոչընդոտներ ստեղծել»,- ասել է Թուրքիայի նախագահը: