26.10.2020 17:13

Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը. «Արմենպրես»

Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը. «Արմենպրես»

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են այն ջանքերը, որ միջազգային հանրությունը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղության հասնելու ուղղությամբ, ըստ «Արմենպրես»-ի` Աթենքում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը՝ ամփոփելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած քննարկման արդյունքները: «Մենք քննարկել ենք այն ջանքերը, որ գործադրում է միջազգային հանրությունը հակամարտության գոտում խաղաղության հասնելու ուղղությամբ: Այդ շրջանակներում պարոն նախարարին ներկայացրել եմ  վերջերս Երևան կատարած իմ այցի մասին: Ընդգծել եմ կրակի դադարեցման հասնելու կարևորությունը»,- ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ ընդգծել է, որ քննարկումների ընթացքում խոսել է այն դերի մասին, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, գործադրում է ԼՂ հակամարտության կարգավորումը խթանելու համար՝ սկսած կրակի անհապաղ դադարեցումից: «Խոսել ենք նաև այն մասին, թե ինչ քայլեր ենք ձեռնարկում այլ ուղղություններով հետխորհրդային աշխարհաքաղաքական տարածքում: Մենք շահագրգռված ենք, որ այնտեղ գոյություն ունեցող բոլոր խնդիրները հաղթահարվեն և կարգավորվեն»,- ասել է Սերգեյ Լավրովը:

«Արմենպրես»