26.10.2020 21:37

Ֆրանսիա և Թուրքիա․ Ինչո՞ւ են վիճում ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները

Ֆրանսիա և Թուրքիա․ Ինչո՞ւ են վիճում ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները

Փարիզն ու Անկարան հայտարարություններ են փոխանակում բարձր  նոտաներով, վիրավորական  ռեպլիկներով և վերջնագրերով։

Հոկտեմբերի 26-ին  Թուրքիայի նախագահը իր հայրենակիցներին կոչ է արել հրաժարվել ֆրանսիական ապրանքներից։

Հոկտեմբերի 25-ին Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին անվանել էր «իր ուղին կորցրած մարդ»։ Իսկ հոկտեմբերի 24-ին ասել էր, որ նա «բուժման կարիք ունի»։

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկու պետությունների փոխհարաբերությունները սկսել են փչանալ այն  ժամանակից, երբ սիրիական պատերազմի ընթացքում Փարիզն իր զինվորներին տեղակայել էր  քուրդ-արաբական զինյալների գրաված տարածքներում։ Իր սահմանների մոտ քրդական ինքնավարության գոյությունն Անկարան սպառնալիք է համարում, քանի որ բուն Թուրքիայում շարունակում է գործել քրդական անջատական շարժումը։ Ի դեմս Ֆրանսիայի՝ Թուրքիան տեսնում է քրդերին աջակցող ուժի։

2020 թ․ Իսրայելի ափերի մոտ գազի հանքավայրերի հայտնաբերումից հետո Թուրքիան սկսեց ածխաջրածին փնտրել իր տարածքային ջրերի մեձակայքում։ Դա սրեց նրա հարաբերությունները Հունաստանի և Կիպրոսի հետ, որոնք Թուրքիային մեղադրեցին իրենց ջրային տարածք ներխուժելու համար։ Թեպետ Ֆրանսիան ելք չունի դեպի Միջերկրական ծովի արևելյան ափը, սակայն նա համարեց, որ իր ազգային շահերը ոտնահարված են, և Աթենքի ու Նիկոսիայի կողմը բռնեց։

Հակասությունների խորացման ևս մի պատճառ էր Լիբիային զենքի մատակարարման էմբարգոյի պահպանումը։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՄԱԿ-ի սահմանած այդ արգելքը խախտում էին թուրքերը։

Այս ամենին նախորդել են նաև այլ պատճառներ, որոնք սրել են հարաբերությունները։

Նախ, Ելիսեյան պալատը, դատապարտելով Թուրքիայի հետախուզական աշխատանքները Արևելյան Միջերկրականում, երկամսյա վերջնաժամկետ առաջադրեց՝ հուսալով, որ այդ ընթացքում Թուրքիան կփոխի իր արտաքին քաղաքական ուղեգիծը։

Երկրորդ պատճառը՝ Ֆրանսիայում օրենք է նախապատրաստվում աշխարհիկությունն ամրապնդելու վերաբերյալ, որը սևագիր տարբերակով հայտնի է որպես օրենք իսլամական անջատականության դեմ պայքարի մասին։ Մակրոնի արտահայտություններն իր երկրում մուսուլմանական կրոնի դերի մասին (Ֆրանսիայի նախագահն առաջարկում է «կառուցակարգել իսլամը») Էրդողանը վիրավորական է համարում։

Եվրոպան այսպես է արձագանքում․

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերի խոսքով՝ «ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչը ցավալի է, բայց մենք առայժմ որևէ պաշտոնական որոշում չենք ընդունել այդ ուղղությամբ, ուստի առայժմ Եվրահանձնաժողովի պաշտոնական արձագանքի անհրաժեշտություն չենք տեսնում»։

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ «Թուրքիայի հետ հարաբերությունների քննարկումը նախատեսված է դեկտեմբերին կայանալիք  ԵՄ գագաթնաժողովում»։ «Եթե նման սադրանքները (Էրդողանի հայտարարությունների տեսքով) շարունակվեն, Եվրամիությունը կարող է վերանայել իր քաղաքականությունն Անկարայի նկատմամբ»։

Փոխանցում է tass.ru-ն։