27.10.2020 10:28

Զատուլին․ Ալիևի խոսքին ոչ ոք չի հավատում

Զատուլին․ Ալիևի խոսքին ոչ ոք չի հավատում

Ադրբեջանը «համի է ընկել», և կամ կամք կդրսևորվի Բաքվին խաղաղություն պարտադրել ղարաբաղյան հակամարտության գոտում, կամ մենք կտեսնենք «մինչև հաղթական ավարտ» գնացող պատերազմի հետևանքները, «Լուրերի դաշնային գործակալության» հետ զրույցում հոկտեմբերի 26-ին հայտարարել է ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և կապերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

Նա արձանագրել է, որ Ալիևն արդեն կտրուկ է արտահայտվում, Ադրբեջանը խաղադրույք է արել ռազմական գործողությունների և Թուրքիայի աջակցության վրա։ Ընդ որում, պարբերաբար հրադադար է հայտարարվում, սակայն դիտորդների բացակայության պատճառով, որոնց կազմը չի համաձայնեցվում նաև Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, առավել ևս՝ խաղաղապահների,- այդ պայմանավորվածությունները չեն կատարվում։

«Իրական զինադադարը, արդեն երրորդը՝ ուժի մեջ չի մտնում։ Եվ այդ ֆոնին Ադրբեջանը հայտարարում է մինչև վերջ գնալու մասին։ Ընդ որում, երբ կողմերը պայմանավորվում են հրադադարի մասին, Բաքուն հայտարարում է, որ դա ժամանակավոր է, տեխնիկական հրադադար է, ոչ երկարատև։ Այդ հրադադարը չի վերացնում Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու ցանկությունը։ Այժմ արդեն խոսքը ոչ միայն այն շրջանների վերադարձի մասին է, որոնք գրավվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ, մարտերն ընթանում են արդեն բուն Լեռնային Ղարաբաղի տարածքում»,- ասել է Զատուլինը։ Նա հավելել է, որ Ալիևի հավաստիացումները, թե հայերը Լեռնային Ղարաբաղում կշարունակեն ապրել ադրբեջանցիների հետ միասին՝ Ադրբեջանի կազմում, իրականությանը չեն համապատասխանում։ Ալիևի խոսքին ոչ ոք չի հավատում, պնդում է ռուսաստանցի խորհրդարանականը։

«Կարծում եմ՝ Ալիևն ինքն էլ դրան չի հավատում, նա բազմիցս ապացուցել է իր իրական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ և չի ամաչում այդ հարցերում։ Ես շատ կզամանայի, եթե Հայաստանում և Ղարաբաղում հնարավոր համարեին հայերի գոյությունն Ադրբեջանում։ Դա պարզապես ֆանտազիա է, որ նպատակ ունի հանգստացնելու հանրային կարծիքը։․․․ Հարձակվող կողմը «համի է ընկել»։ Եվ եթե Ադրբեջանին կոշտ փաստարկներ չներկայացվեն, որոնք նրան ետ կպահեն իր պլաններից, նա այդ ճանապարհից չի շեղվի։ Հնարավոր է՝ եթե Ադրբեջանը մենակ լիներ և չզգար Թուրքիայի աջակցությունը, կարելի էր դրան հասնել, ինչպես դա եղավ 2016-ին։ Բայց հիմա ես նման հեռանկար չեմ տեսնում։ Կա՛մ Ադրբեջանին խաղաղության պարտադրելու կամք կդրսևորվի, կա՛մ մենք կտեսնենք մինչև վերջ գնացող պատերազմի հետևանքները»,- հայտարարել է Զատուլինը։