27.10.2020 10:42

Փարիզում «քննարկում են հակահարվածի երեք տարբերակ»` ի պատասխան Էրդողանի վիրավորանքների

Փարիզում «քննարկում են հակահարվածի երեք տարբերակ»` ի պատասխան Էրդողանի վիրավորանքների

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորական արտահայտություններից հետո Փարիզի և Անկարայի միջև հարաբերությունների սրումը կարող է հանգեցնել նրան, որ Ֆրանսիան պատժիչ միջոցներ  կիրառի Թուրքիայի դեմ, հաղորդել է Europe1 ռադիոկայանը։

Ռադիոկայանը, հղում անելով իր ունեցած տվյալներին, երեկ հաղորդել է, որ Մակրոնի շրջապատը Ելիսեյան պալատում «աշխատում է հակագրոհի վրա», որը կարող է տեղի ունենալ երկու-երեք օրից։

Europe1-ի կայքում նշվում է, որ իր դեսպանին Թուրքիայից ետ կանչելուց հետո Փարիզում «քննարկում են հակահարվածի երեք տարբերակ»։ Նախ, ֆրանսիական ապրանքները բոյկոտելու՝ Էրդողանի կոչից հետո Ֆրանսիայում մտմտում են տնտեսական պատժամիջոցների մասին, մասնավորապես՝ թուրքական ապրանքի ներկրման սահմանափակմամբ։

Ռազմական տեսակետից քննարկվում է արևելյան Միջերկրականում, որտեղ ակտիվորեն ներկա են Թուրքիայի ռազմածովային ուժերը, գործողությունների աշխուժացման հնարավորությունը։

Վերջապես, ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, կարող են սաստկացվել ճնշումները և վերահսկողությունը երկրում թուրքական ազդեցության ցանցերի նկատմամբ, որոնք արդեն իսկ Ներքին անվտանգության գլխավոր տնօրինության (DGSI) զգոն հսկողության տակ են։

Էրդողանի կողմից Մակրոնի առողջական վիճակի մասին կասկած հայտնելուց և ֆրանսիական ապրանքների նկատմամբ բոյկոտ հայտարարելուց հետո Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր․ «Մենք չենք ընդունում ատելության լեզուն և երբեք չենք համաձայնի դրան»։

Փոխանցում է Interfax-ը։