27.10.2020 12:40

Մեկամսյա արյունահեղություն

Մեկամսյա արյունահեղություն

Ռազմական գործողությունները Ղարաբաղում շարունակվում են մեկ ամիս, երեք անգամ մարդասիրական հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, երեքն էլ խախտվել են։ Վերջին՝ երրորդ պայմանավորվածությունը, որ ձեռք էր բերվել Միացյալ Նահանգների միջնորդությամբ, նույնպես խախտվեց գրեթե անմիջապես։

«ԱՄՆ-ը նպաստում է արդյունավետ բանակցություններին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև։ Մեր ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»,- հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարությունը երրորդ մարդասիրական հրադադարի կապակցությամբ։

Նկատի ունենալով նախորդ երկու պայմանավորվածությունները, որոնք  ձեռք էին բերվել Ռուսաստանի միջնորդությամբ, Մայք Փոմփեոն անձամբ երաշխավորել էր․ «Զոհրաբ Մնացականյանը և Ջեյհուն Բայրամովը հավաստիացրել են, որ կպահպանեն հրադադարի պայմանները»։

Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ իր ներգրավվածությունն ի ցույց դրեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ելույթ ունենալով Նյու Հեմփշիր նահանգում, որտեղ մեծաթիվ հայ համայնք կա, նա խոստացավ «գլուխ հանել» կովկասյան այդ պատերազմից․ «Ինչո՞ւ ոչ։ Կարծում եմ՝ դա հեշտ բան է, եթե գիտես՝ ինչ անել։ Նայեք հայերին՝ դրանք արտակարգ մարդիկ են։ Նրանք չափազանց շատ են մարտնչել։ Շատ աշխատասեր ժողովուրդ է։ Եվ մենք նրանց կօգնենք։ Մենք օգնեցինք Սերբիային և Կոսովոյին՝ լուծելու խնդիրները։ Կօգնենք նաև Լեռնային Ղարաբաղում։ Մեր նպատակը մարդկային կյանքեր փրկելն է»,- հավաստիացրեց ամերիկյան առաջնորդը։

Հրադադար հայտարարելուց կես ժամ անց այն արդեն խախտվել էր։

ԵԱՀԿ Մինսկի խումբը չի դադարեցնում հակառակորդներին հաշտեցնելու փորձերը։ Հոկտեմբերի 29-ին համանախագահները Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ։

Փոխանցում է ria.ru-ն։