28.10.2020 19:32

Charlie Hebdo-ի շապիկին հայտնվել է Էրդողանի ծաղրանկարը

Charlie Hebdo-ի շապիկին հայտնվել է Էրդողանի ծաղրանկարը

Փարիզի և Անկարայի միջև հարաբերությունների սրման ֆոնին ֆրանսիական  Charlie Hebdo երգիծական ամսագիրն իր շապիկին պատկերել է  Էրդողանի ծաղրանկարը։

Թուրքիայի առաջնորդը պատկերված է կիսամերկ, նա նստած է բազկաթոռին, նրա աջ ձեռքին զովացուցիչ ըմպելիքի բանկա է։ Մյուս ձեռքվ նա բարձրացնում է աղախնի փեշը։ Ծաղրանկարի մակագրությունն ազդարարում է․ «Մասնավոր կյանքում Էրդողանը չափազանց ժիր է»։

Անկարան այդ ծաղրանկարը համարում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի «հակամուսուլմանական ծրագրի» պտուղը, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմում կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

«Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հակամուսուլմանական ծրագիրը պտուղներ է տալիս։ Charli Hebdo-ն հենց նոր հրապարակել է, այսպես կոչված՝ ծաղրանկարների մի շարք, որոնք լի են իբր մեր նախագահին վիրավորող պատկերներով։ Մենք դատապարտում ենք այդ հրապարակումների՝ մշակութային ռասիզմ և ատելություն տարածելու փորձերը»,- Twitter-ում գրել է Ալթունը։

Նա նշել է, որ այդ  «ռասիստական, այլատյաց, իսլամատյաց և հրեատյաց սադրանքները չեն կարող Թուրքիային դրդել պատասխան քայլերի»։

«Մենք բոլոր խելամիտ եվրոպացի բարեկամներին կոչ ենք անում հակահարված տալ այդ  պարզունակ մշակութային ռասիզմին, մտավոր անպտղությանը և ոչ քաղաքակիրթ բանավեճին»,- հավելել է թուրք պաշտոնյան։

Փոխանցում է ria.ru-ն։