28.10.2020 20:23

Պատերազմը Ղարաբաղում «հարվածում է» Իրանին

Պատերազմը Ղարաբաղում «հարվածում է» Իրանին

Թեհրանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու հարցում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջամալին։

«Այս պատերազմը, անկասկած, կարող է չափազանց լուրջ հետևանքներ ունենալ այդ երկու երկրների համար։ Պատերազմի ընթացքում այդ երկրների ենթակառույցները կոչնչանան, մարդիկ կզոհվեն, պատերազմը հսկայական վնասներ կբերի։ Բացի այդ, պետք է նշել, որ այդ պատերազմը միայն այդ երկու երկրներին չի առնչվում։ Մենք չափազանց լուրջ հետևանքներ ենք տեսնում ամբողջ տարածաշրջանի համար»,- «Звезда» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է դիվանագետը։

Թեհրանը ակտիվորեն փորձում է հասնել բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորմանը, շարունակել է Ջամալին։ Տարածաշրջանի երկրներին անհրաժեշտ է միավորել ջանքերը, որպեսզի հարթվի ճգնաժամը, և թույլ չտալ ահաբեկիչներին հավաքվել տարածաշրջանում։

«Մենք այն երկրների շարքում ենք, որոնք չափազանց ուշադիր են հետևում անվտանգությանը։ Մենք անհրաժեշտ ամեն ինչ անում ենք, որպեսզի պաշտպանենք մեր սահմանները։ Ընդ որում՝ մենք գիտենք, որ ահաբեկիչների ներկայությունը Կովկասում կարող է սպառնալիքի տակ դնել ողջ տարածաշրջանի անվտանգությունը և կայունությունը»,- եզրակացրել է դեսպանը։

Ջամալին բացահայտ չի ասել, թե հատկապես ինչ ահաբեկիչների նկատի ունի, սակայն վերջերս ավելի ու ավելի շատ տեղեկություններ են ի հայտ գալիս Թուրքիայի կողմից սիրիացի իսլամիստներին տարածաշրջան բերելու վերաբերյալ։ Անկարայի միջամտությունը հակամարտությանը, ըստ էության, բացահայտ բնույթ է կրում, քանի որ թուրքական իշխանությունները չեն թաքցնում Ադրբեջանին ցանկացած աջակցություն ցուցաբերելու իրենց պատրաստակամությունը, թեպետ առայժմ պաշտոնապես հերքում են զինյալներին տարածաշրջան ուղարկելու փաստերը։

Փոխանցում է gazeta.ru-ն։