28.10.2020 20:45

Փորձագետ․ Անկարայի և Փարիզի շահերը բախվում են նաև ղարաբաղյան հակամարտության հարցում

Փորձագետ․ Անկարայի և Փարիզի շահերը բախվում են նաև ղարաբաղյան հակամարտության հարցում

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը վերջին մի քանի օրերին դարձել է մուսուլմանական աշխարհի հարձակումների գլխավոր թիրախը։ Մարոկկոյից մինչև Պակիստան՝ հսկայական տարածքում հակաֆրանսիական զանգվածային ցույցեր են տեղի ունենում, հնչում են քաղաքական գործիչների զայրալի հայտարարություններ, ԶԼՄ-ները ծաղրանկարներ են հրապարակում, որտեղ Ֆրանսիայի առաջնորդը պատկերված է սատանայի տեսքով։

Այդ ամենի պատճառը Ֆրանսիայի նախագահի արձագանքն էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները ցուցադրած պատմության ուսուցչի դաժան սպանությանը։

Մակրոնն անվերապահորեն պաշտպանել էր ուսուցչի դիրքորոշումը՝ նրան անվանելով «հանրապետության դեմքը», որն իր գործունեությամբ հաստատում է ֆրանսիացիների իրավունքը՝ «ապրել որպես ազատ քաղաքացիների հանրություն»։ «Նա սպանվեց, որովհետև իսլամիստներն ուզում են խլել մեր ապագան։ Նրանք գիտեն, որ հենց այդպիսի աննկատ հերոսների շնորհիվ է, որ նրանք դա երբեք չեն ստանա»,- ասել էր նա։

Ուսուցչի սպանությունը Մակրոնն անվանել էր ահաբեկչություն և խոստացել, որ Ֆրանսիայի ժողովուրդը կշարունակի պաշտպանել խոսքի ազատությունը և չի հրաժարվի մուսուլմանների համար վիրավորական ծաղրանկարներից։

Պարզվեց, որ նման դիրքորոշումն անընդունելի է մուսուլմանների համար։ Այնուամենայնիվ, փորձագետների կարծիքով՝ հազիվ թե կարելի է խոսել մուսուլմանական աշխարհի միասնականության մասին։

«Իսլամական աշխարհը մեծ է, և Թուրքիան դեռ ամբողջ իսլամական աշխարհը չէ։ Համապատասխանաբար՝ Պարսից ծոցի երկրները նույնպես ամբողջ իսլամական աշխարհը չեն ներկայացնում։ Օրինակ, Ինդոնեզիան, որտեղ ամենաշատ մուսուլմաններն են ապրում, որևէ կերպ չի արձագանքել Մակրոնի հայտարարությանը»,- նշել է փորձագետ Անդրեյ Չուպռիգինը։

Ֆրանսիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Յուրի Ռուբինսկու կարծիքով՝ «Մակրոնի և Էրդողանի միջև կոնֆլիկտը ամենևին էլ գաղափարախոսական կամ կրոնական չէ, այլ աշխարհաքաղաքական։ Անկարայի և Փարիզի շահերը բախվում են մի քանի ուղղություններում՝ Արևելյան Միջերկրականում, Լիբիայում, Սիրիայում և մասամբ նույնիսկ Լեռնային Ղարաբաղում։ Սակայն Էրդողանը փորձում է Ֆրանսիան ներկայացնել ոչ թե որպես հակառակորդ ինչ-որ որոշակի հարցերում, այլ որպես իսլամի գաղափարական, սկզբունքային թշնամի»,- նշել է փորձագետը։

Փոխանցում է gazeta.ru-ն։