29.10.2020 01:21

Ալիևը հայտարարել է, թե պատրաստ է բանակցություններ սկսել Փաշինյանի հետ Մոսկվայում

Ալիևը հայտարարել է, թե պատրաստ է բանակցություններ սկսել Փաշինյանի հետ Մոսկվայում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Интерфакс-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նշելով, որ առայժմ նման հրավեր չի ստացել։

Ընդ որում, նա կասկած է հայտնել, թե հայկական կողմն ընդունակ է կառուցողական աշխատանքի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։

«Ես բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, բայց այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանության եկավ Փաշինյանը, նման հանդիպումներ չեն եղել։ Այդ հանդիպումները եղել են Հայաստանի նախկին նախագահների օրոք, և ես երբեք չեմ խուսափել հանդիպումներից»,- ասել է Ալիևը։

Նա ընդգծել է, որ այդ հանդիպումները դրական է գնահատում, քանի որ Ռուսաստանը առանձնահատուկ դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, որը սերտ կապեր է պահպանում թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի հետ։

«Ուստի, իհարկե, նման հանդիպումներն ամենից շատը անցկացվել են Ռուսաստանի տարածքում, բայց Փաշինյանի օրոք այդպիսի հանդիպում չի եղել։ Ես չգիտեմ՝ որքանով արդյունավետ կլինեն դրանք, եթե հաշվի առնենք հայկական ղեկավարության անադեկվատությունը։ Բայց եթե նման առաջարկ լինի, մենք միշտ էլ դա դրական ենք գնահատել և կքննարկենք այն»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, որ պատրաստ է Մոսկվա ժամանել «առանց որևէ պայմանի»։

Փոխանցում է lenta.ru-ն։