29.10.2020 05:57

Լավրովը և Լը Դրիանը մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը

 Լավրովը և Լը Դրիանը մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նախարարները լրջորեն մտահոգված են չդադարող լայնածավալ մարտական գործողությունների կապակցությամբ և հակամարտող կողմերին կոչ են արել շուտափույթ և լիակատար հրադադար հաստատել ու թուլացնել լարվածությունը:

«Ընդգծվել է հակամարտության դիվանագիտական լուծմանն այլընտրանքի բացակայությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը: Դիտարկվել են իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները»,- ասված է հաղորդագրությունում:

ԱԳ նախարարներն առանձնահատուկ կարևորել են հակամարտող կողմերի կողմից ռազմական գործողությունների դադարեցման քաղաքական կամքի դրսևորումը: