29.10.2020 21:35

ՄԱԿ․ Պատերազմը Ղարաբաղում անընդունելի է և պետք է դադարեցվի

ՄԱԿ․ Պատերազմը Ղարաբաղում անընդունելի է և պետք է դադարեցվի

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները շարունակվում են, դա անընդունելի է, դրանք պետք է անհապաղ դադարեցվեն, հոկտեմբերի 28-ին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Մենք խստորեն դատապարտում ենք հարվածները  ռազմական հակամարտության մերձակա բնակավայրերին, որոնց արդյունքում, ինչպես հաղորդվում է, զոհվում ու վիրավորվում են մարդիկ»,- ասել է Դյուժարիկը։

«Նման հարվածները չեն կարող որևէ արդարացում ունենալ։ Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք գլխավոր քարտուղարի կոչը բոլոր կողմերին՝ անհապաղ սկսել պահպանել մարդասիրական հրադադարը, որի վերաբերյալ նրանք նախապես պայմանավորվել են, և ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառույցների պաշտպանության վերաբերյալ»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը։

Փոխանցում է rambler.ru-ն։