29.10.2020 22:14

Կորոնավիրուսը Եվրոպայում

Կորոնավիրուսը Եվրոպայում

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է հոկտեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 1-ը համազգային կարանտին հայտարարելու մասին։

«Ինչպես գարնանը՝ դուք կարող եք տնից դուրս գալ միայն աշխատանքի, բժշկի գնալու կամ օգնության կարիք ունեցող ազգականին այցելելու համար, կարող եք գնումներ կատարել կամ մաքուր օդի դուրս գալ տան մերձակայքում»,- ասել է Մակրոնը։

Փողոց դուրս գալու համար հարկ կլինի հատուկ ձևաթուղթ լրացնել, ինչը գործել է գարնանը առաջին լոքդաունի ժամանակ։ Աշխատանքները դադարեցնում են ռեստորաններն ու բարերը, ինչպես նաև ոչ առաջին անհրաժեշտության ձեռնարկությունները։

Մակրոնը նաև հայտարարել է, որ Եվրամիության ներքին սահմանները շարունակում են բաց մնալ, արտաքին սահմանները նախկինի պես փակ են։

Չորեքշաբթի համազգային կարանտինի մասին հայտարարել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նոյեմբերի 2-ից մեկ ամսով փակվում են ռեստորանները, բարերը, ֆիտնես-ակումբները, լողավազանները, դիմահարդարման և մերսման սրահները, կինոթատրոնները և համերգասրահները։ Բունդեսլիգայի խաղերը տեղի կունենան առանց հանդիսատեսների։

Եվրոպական երկրներում վերջին շաբաթներին նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ։ Մահացության ամենաբարձր մակարդակը Չեխիայում է, որտեղ արդեն գրեթե մեկ ամիս է՝ գործում է արտակարգ դրության ռեժիմ։

Այս շաբաթ Իտալիայի իշխանությունները նույնպես չեն բացառում նորից լոքդաուն հատարարելու հնարավորությունը, եթե իրավիճակը չլավանա։

Փոխանցում է BBC-ն։