30.10.2020 20:39

Իմամ․ Իսլամը ոչ մի ընդհանուր բան չունի իսլամիզմի հետ

Իմամ․ Իսլամը  ոչ մի ընդհանուր բան չունի իսլամիզմի հետ

Ֆրանսիայի մուսուլմանները ուզում են խաղաղ ապրել իրենց հայրենակիցների հետ, իսլամը ոչ մի ընդհանրություն չունի իսլամիզմի հետ, РИА Новости-ին ասել է Փարիզից ոչ հեռու գտնվող Դրանսի կոմունայի իմամ Ասսեն Շալգումին։

Իմամի խոսքով՝ Փարիզի արվարձանում ուսուցչի դաժան սպանությունից հետո իր մզկիթում աղոթել են բոլոր տուժածների համար։ Նա շեշտել է, որ վիրավորանքին պետք չէ պատասխանել ատելությամբ։

«Մենք հիշում ենք, որ մեր կրոնը և մեր մարգարեն մեզ ատելության դաս չեն տալիս, այլ սիրո։ Գուցե որոշ հավատացյալներ դեմ են ծաղրանկարներին, նրանց դուր չի գալիս, որ այդպես են պատկերում իրենց մարգարեին։ Բայց երբեք պետք չէ կոշտ արձագանքել դրան։ Պետք է գործել ազատության, սիրո օգնությամբ, այլ ոչ թե ատելության»,- ասել է իմամը։

Նա ասել է, որ Սեն Սան Դընի դեպարտամենտում, որտեղ գտնվում է Դրանսի կոմունան, կողք կողքի ապրում են «ավելի քան 140 ազգության» մարդիկ, ինչն ինքնին Ֆրանսիայի խորհրդանիշն է ներկայացնում։ Ընդ որում՝ հավատացյալները «սաստիկ վախեցած են և կրկնակի պատիժ են կրում՝ ահաբեկչության և իսլամիզմի պատճառով, և մյուս կողմից էլ՝ ռասիզմի պատճառով»,- հավելել է իմամը։

«Հարկավոր է դիմակայել իսլամիզմին։ Իսլամը ոչ մի ընդհանուր բան չունի իսլամիզմի հետ․․․ Մուսուլմանները խնդրում են պաշտպանել իրենց, որ կարողանան խաղաղ ապրել ու աղոթել։ Մենք ուզում ենք ապրել մեր հայրենակիցների կողքին՝ ինչ կրոն էլ նրանք դավանեն։ Մենք ուզում ենք, որ մեր ու մեր երեխաների սերունդներն ապրեն խաղաղության մեջ և որպես հայրենասերներ՝ հարգեն իրենց երկիրն ու այդ երկրի օրենքները։ Եվ որ իրենց կրոնը լինի իրենց անձնական գործը։ Թող դա լինի լուսավորյալ իսլամ»։

Խոսելով նախագահ Մակրոնի առաջարկած օրինագծի մասին՝ իսլամիստական անջատողականության դեմ պայքարի վերաբերյալ, իմամը նշել է․

«Այդ մարդիկ, ովքեր ատելություն են սերմանում, չպետք է լսելի լինեն։ Հարկավոր է փակել ինտերնետ–կայքերը, վտարել ատելություն տարածողներին։ Ես դա խրախուսում եմ, մենք խրախուսում ենք այդ օրինագիծը»։

Փոխանցում է ria.ru-ն։