30.10.2020 21:04

Թաթարստանում հարձակում է կատարվել ոստիկանության բաժնի վրա

Թաթարստանում հարձակում է կատարվել ոստիկանության բաժնի վրա

Թաթարստանի Կուկմոր քաղաքում հարձակում է տեղի ունեցել ոստիկանության բաժնի վրա։ Քննիչները մշակում են «ֆրանսիական հետքի» վարկածը, հաղորդել է Интерфакс-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ անչափահասի հարձակումը Կուկմորում կարող է լինել Ֆրանսիայում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման կապակցությամբ տեղի ունեցած հարձակումների արձագանքը։ Интерфакс-ի տվյալներով՝ Կուկմորի բնակիչը հարձակման ժամանակ ոստիկաններին անվանել է «անհավատներ» և բացականչել է «Ալլահ աքբար»։

Կուկմորում ոստիկանության բաժնի վրա հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ի գիշերը։ 16-ամյա պատանին նախ սկսել է Մոլոտովի կոկտեյլներ նետել ոստիկանության շենքի վրա։ Երբ ոստիկանները փորձել են նրան բռնել, նա դանակով մի քանի հարված է հասցրել ոստիկաններից մեկին։ Մյուս ոստիկանը կրակ է բացել հարձակվողի ուղղությամբ, և նա սպանվել է։

Հիշեցնենք, որ նախորդ օրը՝ հոկտեմբերի 29-ին, Ֆրանսիայում, միանգամից մի քանի զինված հարձակումներ են կատարվել։ Նախ, Նիսում ծնունդով Թունիսից հանցագործը դանակով հարձակվել է մարդկանց վրա եկեղեցու մոտ և սպանել երեք հոգու։ ԶԼՄ-ների տվյալներով՝ նա հարձակվելիս բացականչել է «Ալլահ աքբար»։ Նիսի քաղաքապետը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն։

Դրանից հետո հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիայում ձերբակալվել է մի մարդ, որը փորձել է հարձակում գործել Ջեդդայում Ֆրանսիայի հյուպատոսարանի վրա և վիրավորել է պահապանին։ Չարագործը ձերբակալվել է։

Այնուհետև Ավինյոնում դանակով զինված ահաբեկիչը հարձակվել է ոստիկանի վրա՝ «Ալլահ աքբար» բացականչությամբ։ Հայտնի է, որ դրանից առաջ նա սպառնացել է անցորդներին։ Հարձակվողը գնդակահարվել է։ Այնուհետև, Փարիզի մերձակա Սարտրուվիլում ոստիկանները ձերբակալել են հավանական ահաբեկչի, որին հետևում էին արդեն մի քանի օր։

Փոխանցում է lenta.ru-ն։