30.10.2020 23:57

Դավիթ Բաբայան․ Շուշիի ուղղությամբ վտանգն այս պահի դրությամբ չեզոքացվել է․ Ազատություն

Դավիթ Բաբայան․ Շուշիի ուղղությամբ վտանգն այս պահի դրությամբ չեզոքացվել է․ Ազատություն

Շուշիի ուղղությամբ վտանգը այս պահի դրությամբ չեզոքացվել է, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Դավիթ Բաբայանը հավելեց, որ թշնամու համար ընդհանրապես Շուշին համարվում է ռազմաքաղաքական կարևորագույն ուղղություն. «Սրանով նրանք կլուծեն մի շարք ռազմաքաղաքական հարցեր. նախևառաջ կստանան գերիշխող դիրք Ստեփանակերտի նկատմամբ, սա արդեն այլ իրավիճակ է, երկրորդը՝ բարոյական տեսանկյունից, հոգեբանական փորձում են ջարդել մեր ոգին»:

Անդրադառնալով Արցախի նախագահի՝ Շուշիի պաշտպանությանը միանալու երեկվա կոչին, Դավիթ Բաբայանը նշեց՝ սա կոչ էր համայն հայությանը, որ հակառակորդն ունի այդպիսի նպատակներ և ուզում է իրականացնել դրանք, «իսկ Շուշիի պաշտպանությունը համահայկական առաքելություն է, յուրաքանչյուրիս առաքելությունը»:

«Երեկ թշնամին մեծ խմբավորում էր կուտակել, զինտեխնիկա և հրթիռահրետանային համակարգեր, համազարկային համակարգեր և մեծ քանակությամբ զինվորականություն, որպեսզի կամաց-կամաց սկսի այդ գրոհը, բայց երեկ ոչնչացվեց այդ մեծ խմբավորումը: Գրեթե իսպառ ոչնչացվեց, մի քանի հարյուր դիակ ունեն այնտեղ, ոչնչացված են արդիական զինտեխնիկայի բազմաթիվ նմուշներ: Այսինքն Շուշիի վրա առաջին գրոհը էֆեկտիվորեն մեր Պաշտպանության բանակը և աշխարհազորը կասեցրին: Պետք է շարունակենք այս ուղղությամբ և պաշտպանելու ենք մինչև վերջ, որովհետև Շուշին Արցախի ապագան է ինչ-որ տեղ նաև, հետևաբար հայության ապագան է», - ասաց ԼՂ նախագահի խորհրդականը: