31.10.2020 06:40

Ղարաբաղում սպանվել է սիրիացի դաշտային հրամանատարը

Ղարաբաղում սպանվել է սիրիացի դաշտային հրամանատարը

Սիրիայում Թուրքիայի կողմից աջակցություն ստացող զինված ընդդիմադիր խմբավորումներից մեկի  պարագլուխ Հուսեյն Աբոն չորեքշաբթի օրը սպանվել է ղարաբաղյան հակամարտության գոտում, այսօր հաղորդել է North Press Agency սիրիական տեղեկատվական գործակալությունը։

Սիրիացի դաշտային հրամանատարը, որ սպանվել է հայկական օդուժի հարվածների արդյունքում, լրատվական գործակալության տվյալներով՝ թուրքական կողմի հետ միասին զբաղվում էր սիրիացի վարձկանների հավաքագրմամբ՝ ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններին մասնակցելու համար։

Լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Աբոն Սիրիայի հյուսիս-արևմուտքում գործող Համզա զինված խմբավորման երկրորդ գործող հրամանատարն է, որ սպանվել է ղարաբաղյան հակամարտության գոտում։ Երկու օր առաջ էլ այնտեղ սպանվել էր դաշտային հրամանատար Ադել Շքահիրը ու ևս սիրիացի չորս վարձկաններ։

Թուրքիային բազմիցս մեղադրել են, որ նա Սիրիայից վարձկաններ է փոխադրում հակամարտության գոտի՝ Ադրբեջանի կողմում ռազմական գործողություններին մասնակցելու համար։ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նառիշկինը հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ «խոսքը հարյուրավոր ու նույնիսկ հազարավոր արմատականների մասին է, որոնք հույս ունեն փող աշխատել ղարաբաղյան պատերազմի միջոցով»։

Անկարան այդ մեղադրանքները համառորեն հերքում է։

Փոխանցում է Interfax-ը։