ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ավելի սերտ համագործակցել ԵԱՀԿ ՄԽ-ի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ավելի սերտ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։
Այդ մասին ասվում է կազմակերպության ղեկավարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։
Մամուլի քարտուղարը նշել է, որ Գութերիշը լրջորեն մտահոգված է շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկություններից, որոնք վտանգում են նաև խաղաղ բնակչությանը։
«Նա դատապարտում է բոլոր այդօրինակ հարձակումները և կրկնում, որ երկու կողմերը պարտավոր են միջազգային իրավունքի շրջանակներում ձեռք առնել բոլոր հնարավոր միջոցները՝ խաղաղ բնակչությանը պաշտպանելու և մարդկային կյանքեր փրկելու, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու ուղղությամբ»,- ընդգծել է ՄԱԿ-ի ղեկավարի ներկայացուցիչը։
Փոխանցում է tass.ru-ն։