01.11.2020 22:13

Իրանը չի հանդուրժի ահաբեկիչների իր սահմաններից որոշ հեռավորության վրա. Զարիֆ․ Արմենպրես

Իրանը չի հանդուրժի ահաբեկիչների իր սահմաններից որոշ հեռավորության վրա. Զարիֆ․ Արմենպրես

Իրանը չի հանդուրժի ահաբեկիչների իր սահմաններից որոշ հեռավորության վրա: Այս մասին հայտարարել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Սիրիայից ու Լիբիայից ներգրավված վարձկան-ահաբեկիչների խնդրի մասին և ներկայացնելով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ  Աբբաս Արաղչիի՝ Բաքու, Երևան, Մոսկվա, Անկարա այցերի և Իրանի մշակած ծրագրի մանրամասները: «Ահաբեկիչների վերաբերյալ մենք գրեթե վստահ ենք, որ նրանք մասնակցել են բախումներին: Մենք ընդգծել ենք, որ այդ քայլը ոչ մեկի օգտին չէ: Բանակցությունների ընթացքում և դրանցից առաջ Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաներին, ինչպես նաև Ռուսաստանին ու Թուրքիային հայտնել ենք, որ Իրանը նման բան չի հանդուրժելու: Այժմ այդ ահաբեկիչները մեր սահմանների մոտ չեն, սակայն հավանական է, որ մեր սահմաններից որոշակի հեռավորության վրա են, և մենք կողմերին լրջորեն հայտնել ենք մեր մտահոգության մասին», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Զարիֆը:

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ներկայացնելով ԼՂ հակամարտության կարգավորման իրանական նախագծի մանրամասները ԱԳ նախարարը նշել է․ «Ղարաբաղում ճգնաժամի սկսվելուց ի վեր մենք խորհրդակցել ենք տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ: Վստահ ենք՝ այս պատերազմից ամենաշատ վնասները կրում են տարածաշրջանային երկրները և հենց այդ երկրները կարող են ամենաշատ ազդեցությունն ունենալ պատերազմին վերջ տալու համար: Այս համատեքստում առանց ջանալու մրցակցել առկա մեխանիզմների հետ, ինչպիսին է Մինսկի խումբը, այդ խորհրդակցություններն առաջ տարանք»: Զարիֆը նշել է, որ սպասում են նախագծի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների, ինչպես նաև ռուս ու թուրք գործընկերների կարծիքներին: