02.11.2020 17:59

Ռուսաստանի գերագույն մուֆտին ծաղրանկարների պատճառով թշնամանքը աստվածահաճո չի համարում

Ռուսաստանի գերագույն մուֆտին ծաղրանկարների պատճառով թշնամանքը աստվածահաճո չի համարում

Ծաղրանկարների պատճառով մարդկանց պատերազմ հայտարարելը հակաբնական է ու «կյանքին հակառակ», կարծում է գերագույն մուֆտի, Ռուսաստանի մուսուլմանների կենտրոնական հոգևոր վարչության նախագահ Թալգատ Թաջուդդինը։

Ավելի վաղ Չեչնիայի մուֆտի Սալահ հաջի Մեջիևը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին պաշտպանող բոլոր ֆրանսիացիներին թշնամի էր հռչակել։

Մեկնաբանելով Մեջիևի խոսքերը՝ Թաջուդդինը հայտարարել է, որ Մուհամեդ մարգարեն վրեժի կոչ չի անում և գնահատում է ներողամտությունը, ուստի որևէ մեկին թշնամի հռչակելն անբնական է։

«Չնչին բանի համար, թե մեկը ինչ-որ բան է նկարել, պատերազմ հայտարարել, թշնամի հռչակել՝ դա ոչ Աստծուն է հաճո, ոչ Աստծո ծառաներին, ոչ էլ հավատացյալ մարդկանց, դա հակաբնական է և հակառակ է կյանքին»,- ասել է մուֆտին։

Թաջուդդինը կասկած է հայտնել, թե միլիոնավոր մարդկանց թշնամի հռչակելով կարելի է փոխըմբռնման հասնել։

Գերագույն մուֆտին ընդգծել է, որ կրոնը մարդկանց տրվում է որպես կյանքի հրահանգ՝ կարգուկանոն հաստատելու համար։

«Կրոնը համապատասխանում է մարդու սրտին և խղճին, և մարդիկ իրենց երջանիկ են զգում միայն այն ժամանակ, երբ խաղաղություն և համաձայնություն են տիրում»,-հավելել է նա։

Թաջուդդինը կոչ է արել չտրվել սադրանքների՝ հիշեցնելով, որ մի քանի տարի առաջ կրոնական թեմաներով ծաղրանկարների հրապարակման պատճառով տեղի ունեցան անկարգություններ,  հարձակումներ կատարվեցին դեսպանատների վրա։

Փոխանցում է ria.ru-ն։