03.11.2020 20:45

Ադրբեջանական ակումբի ներկայացուցիչը կպատժվի հայատյաց գրառման համար

Ադրբեջանական ակումբի ներկայացուցիչը կպատժվի հայատյաց գրառման համար

Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նուրլան Իբրահիմովը կպատժվի հայատյաց գրառման համար: Ակումբի հայտարարության համաձայն՝ Իբրահիմով նման գրառում էր արել  իբր հոգեբանական վնասվածք ստանալուց հետո:

«Իրավախախտում թույլ տալու համար Իբրահիմովը պատասխանատվություն է ենթարկվել Ադրբեջանի հանրապետության օրենսդրության համաձայն: Նուրլան Իբրահիմովի նկատմամբ վարչական գործ է հարուցվել Ադրբեջանի դատախազության մարմինների կողմից, և այն ուղարկվել է դատարան, որտեղ կընդունվի պատժամիջոցի վերաբերյալ որոշում: Բացի այդ, մեր ակումբի կարգապահական օրենսգրքի համաձայն՝ Նուրլան Իբրահիմովի արարքները կուսումնասիրվեն կարգապահական կոմիտեի կողմից, ինչի արդյունքում կսահմանվեն համապատասխան կարգապահական տույժեր»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն հետաքննություն էր սկսել «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի վերաբերյալ, քանի որ Նուրլան Իբրահիմովը գրել էր, որ պետք է սպանել բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին:

«Ղարաբաղը» երկրորդ տարին անընդմեջ նվաճել էր Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր: